26.12.2011

Մանկատների սաները դիտեցին «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը

26 դեկտեմբերի 2011 - 10:55 AMT
PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Մարի Իզմիրյան և Զատիկ մանկատների 80 սաներ այցելեցին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն` դիտելու Հ. Թումանյանի Ոսկե քաղաք ամանորյա ներկայացումը: Այն իրականացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մանանա երիտասարդական - քրիստոնեական ծրագրին մասնակող երիտասարդների նախաձեռնությամբ:
Մանկատան սաներին դիմավորեցին փուչիկներով զարդարված ավտոբուսները, իսկ թատրոնի մոտ` Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նախաձեռնության ղեկավարների խոսքերով մանկատան սաներին նվիրած այդ գեղեցիկ օրն ապացուցում է, որ երիտասարդությունն անտարբեր չէ իր երկրի, հասարակության և հատկապես նրա խոցելի շերտերի, այդ թվում և մանկատան սաների նկատմամբ:
Մանանա երիտասարդական-քրիստոնեական ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում են հոգևորականների հետ, զրույցներ ու քննարկումներ ծավալում իրենց հուզող արդի խնդիրների շուրջ, ծանոթանում են հայ եկեղեցու դավանանքին և ավանդույթներին: Հաճախակի կազմակերպվում են նաև ուխտագնացություններ և սոցիալական տարբեր միջոցառումներ: