03.03.2012

Երիտասարդության համար. «Մանանան» հոգևոր սնունդ է առաջարկում երիտասարդներին

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու լուսավոր սրահում ամեն կիրակի Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները քրիստոնեական արժեքներին են հաղորդակից դարձնում եկեղեցու շուրջը համախմբված տարբեր սոցիալական խավերի, զբաղմունք ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդների: 

Երիտասարդներին ու հոգևորականներին միավորում է «Մանանան», որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստված և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների միջոցով 2010-ից իրականացվող երիտասարդական-քրիստոնեական ծրագիր է` նպատակ ունենալով երիտասարդներին նրանց մատչելի լեզվով տալ հոգևոր կյանքին վերաբերող հարցերի պատասխանները: 

«Մանանայի» շրջանակներում եկեղեցիներին կից սրահներում շաբաթը մեկ անգամ կեսօրից հետո կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ հոգևորականների և երիտասարդների միջև: («Մանանան», ըստ Աստվածաշնչի, հրաշքով երկնքից իջած ուտելիք էր անապատում գտնվող իսրայելցիներին:)

«Շատերին թվում է, թե եկեղեցին վերամբարձ է խոսում, բայց «Մանանայի» շրջանակներում քննարկվող թեմաներն առնչվում են այնպիսի հիմնախնդիրների, որոնց մենք բախվում ենք ամեն օր, ուստի սա այն ծրագրերից է, որն օգնում է երիտասարդներին մոտենալ Հայ Առաքելական եկեղեցուն, ծանոթանալ քրիստոնեական սկզբունքներին»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արսեն սարկավագ Զոհրաբյանը: 

«Մանանա» ծրագրի մտահղացման հեղինակ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանը կարծում է, որ չնայած Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրականացվող մի շարք ծրագրերին` երիտասարդությանը հոգևոր կյանքում ներգրավելն առաջնահերթ խնդիրներից է:

«Երիտասարդները միշտ էլ փնտրտուքների մեջ են ու շատ հաճախ գալիս են եկեղեցի, բազմաթիվ հարցեր տալիս, հենց այդ հարցերի շարանն էլ ստիպեց ինձ ստեղծել դրանց շուրջ քննարկումներ ծավալող մի ծրագիր, քանի որ վստահ եմ` երիտասարդներն իրենց հուզող գրեթե բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ մեր եկեղեցում` մեր եկեղեցականների օգնությամբ»,- ասում է Սեյրան սարկավագը:

Ծրագրի մեկնարկը տրվել է Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում, այնուհետև «Մանանային» միացել են մի խումբ սարկավագներ, և, ծրագիրը, ընդլայնվելով, այսօր արդեն իրականացվում է Երևանի և Էջմիածնի 8 եկեղեցիներում` իր շուրջը համախմբելով շուրջ 500 երիտասարդի ու 20-ից ավել հոգևորականների: 

17-ամյա Սարգիս Թովմասյանը «Մանանայի» հետ հանդիպումից հետո սկսել է իր կյանքը բաժանել նախքան «Մանանան» ու «Մանանայից» հետո:

8 տարեկանում կորցնելով մորը և 12 տարեկանից թողնելով դպրոցը` Սարգիսը ստիպված աշխատել է ու օգնել ընտանիքին: Կյանքի հասցրած հիասթափություններից չարացած պատանին բազմիցս մտածել է ինքնասպանության մասին:

«Իմ կյանքը շատ դժվար էր, փոքր էի, շատ բան չէի հասկանում, ու կողքիս էլ հասուն, ուղղություն ցույց տվող մարդ չկար: Մի կողմից գայթակղություններն էին շատ, ալկոհոլը գրավում էր, մյուս կողմից էլ` վատ միջավայրս»,- ասում է Սարգիսն ու հիշում, որ հենց այդ դժվարին ժամանակահատվածում էլ իմացել է ծրագրի մասին:

«Մի պահ կարծես գիտակցությունս հետ եկավ, գնացի եկեղեցի, հենց այնտեղ էլ լսեցի «Մանանայի» մասին, որոշեցի այցելել, ու սկսվեց իմ «փրկության ճանապարհը», նույնիսկ մկրտվել եմ»,- ժպտալով ասում է Սարգիսը:

Ծրագիրը կոչվել է «Մանանա»` խորհրդանշելով այն հոգևոր սնունդը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր հավատացյալ երիտասարդի` հոգեպես զորանալու և քրիստոնեական գիտելիքներով հարստանալու համար: 

Ծրագրի կազմակերպիչներից Ժորա սարկավագ Սարգսյանն ասում է, որ թեև հոգևոր սննդի կարիք ունեն բոլորը` անկախ տարիքից ու սեռից, սակայն քրիստոնեական դաստիարակությունն անհրաժեշտ է առաջին հերթին հենց երիտասարդներին, քանի որ նրանք ամենաշատն են հայտնվում կյանքի մարտահրավերների թիրախում:

«Այս զրույցների, քննարկումների ընթացքում երիտասարդների մեջ ձևավորվում են հոգևոր մտածելակերպ, հոգևոր գիտակցություն, որն աստիճանաբար վերածվում է հոգևոր կենսակերպի, ինչն օգնելու է երիտասարդին հետագայում իր կյանքը կառուցել ճշմարիտ ու հաստատուն արժեքների վրա»,- ասում է Ժորա սարկավագը:

«Մանանայի» կազմակերպիչներից տեր Հուսիկը ցավով նշում է, որ խորհրդային ժամանակաշրջանի 70 տարիների աթեիզմի ու ծնողների համապատասխան դաստիարակության պակասի հետևանքով այսօր երիտասարդների հոգևոր դաստիարակությունը թերի է:

«Քանի որ եկեղեցին սոսկ կառույց չէ ու հոգևորականները չեն, այլ հենց քրիստոնյա ժողովուրդն է, հետևաբար եկեղեցու հիմնական առաքելություններից է հավատացյալ ժողովրդի հետ շփումը, և այսօր եկեղեցին, թեկուզև նման ծրագրերի միջոցով, քայլեր է կատարում ժողովրդի մեջ մտնելու և իր զավակների հոգևոր կարիքները հոգալու համար»,- ասում է տեր հայրը` հավելելով, որ ծրագիրն իրականացվում է բացառապես հոգևորականների եռանդով, նվիրումով` առանց ֆինանսական ռեսուրսների:

«Մանանան» ակտիվորեն օգտագործում է նաև համացանցը ու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի և բլոգի միջոցով փորձում է մեծացնել քրիստոնեության մասին տեղեկացվածությունը երիտասարդների շրջանում:


ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից