26.10.2012

Քրիստոսի մասին վկայում են թե’ ավետարանիչները, թե’ ոչ քրիստոնյա պատմիչները

Բարի հովիվը.
որմնանկար Հռոմում գտնվող կատակոմբում, 250թ
.

Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի օրերի մասին մեզ պատմում են Ավետարանական էջերը. սակայն կա՞ն արդյոք պատմական այլ աղբյուրներ, որոնք եւս  հիշատակում են Քրիստոսին: Ահա այս մասին  Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը  երիտասարդների հետ զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Ներսես սարկավագ Ղազարյանը: Նա նշեց, որ Քրիստոսի մասին առաջին կանոնակարգված, ինչպես նաեւ հավաստիության առումով առավել վստահելի աղբյուր է հրեա պատմիչ Հովսեփիոս Փլաբիոսի աշխատությունը` «Հրեական հնեագրությունները»: Այն Սուրբ Գրքից հետո կարելի է համարել նաեւ որպես  սկզբնաղբյուր` հրեաների պատմության ուսումնասիրության համար: Քրիստոսի մասին Փլաբիոսը գրում է. «Ահա այդ ժամանակներում հայտնվում է Հիսուս` մի իմաստուն անձ, որին, եթե իհարկե, կարելի է մարդ համարել: Նրա բնությունն ու արտաքին տեսքը մարդկային էր, բայց նրա ներկայությունը` վերերկրային: Նա հրաշքներ էր գործում վերերկրային ուժի միջոցով: Ոմանք ասում են, որ նա մեր առաջին օրենք տվողն է` մահացածներից հարություն առած, մյուսները` կարծում, թե նա Աստծուց է ուղարկված:… Նրան բազում ծառաներ ու պարզ ժողովուրդ էր հետեւում:… Նա բազում հրաշքներ գործեց, սովորեցրեց նրանց, ովքեր ուրախությամբ ընդունեցին ճշմարտությունը: …Իրեն սիրող անձինք ասում էին, որ մահվանից հետո Քրիստոս երրորդ օրը հայտնվել  է իրենց, ինչպես որ մարգարեությունների մեջ է գրված: Քրիստոսին հետեւողներն իրենց նրա անունով կոչեցին` քրիստոնյաներ»: Անհրաժեշտ է նշել, որ Հովսեփիոսը փարիսեցի էր (Մովսիսական կրոնը բառացիորեն մեկնող, ի ցույց բոլորի   իրենց սուրբ և բարեպաշտ անձինք ներկայացնողներ) այս իսկ պատճառով նրա գործում Քրիստոսը ոչ թե Փրկիչ Աստված է, այլ նոր աղանդի առաջնորդ. եւ ահա նրա վերջին միտքը Քրիստոսի մասին. «Դեռ մինչեւ օրս չեն դադարել նրա աղանդի հետեւորդներն իրենց  Նրա անունով քրիստոնյաներ կոչելը»:

19.10.2012

«Չկա ճակատագիր. մենք ինքներս ենք կերտում այն՝ բարի կամ չար, լավ կամ վատ գործերով». Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան


Մարդ էակին միշտ էլ հուզել է ճակատագրի գոյության խնդիրը: Կա՞ իսկապես ճակատագիր, թե՞ մարդն ունի ազատ կամք եւ տերն է իր գործերի, իշխանություն ո՞ւնի դրանք անելու կամ չանելու: Ահա այս թեմայի շուրջ «Մանանա» երիտասարդական ծրագրի շրջանակներում հերթական կիրակի օրը զրույց ծավալվեց Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում: Օրվա բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը: Բարեշնորհ սարկավագը նշեց, որ  ճակատագիրը բացատրվում է որպես գերագույն նախասահմանություն` յուրաքանչյուրիս կյանքի մաս, որ անհնար է փոխել, ինչպես գրում է Մուրացանը. «Մարդկային ձեռքը չի կարող ջնջել այն ճակատագիրը, որ գծագրել է հավիտենական ձեռքը»: Այս ամենը, սակայն,   հակադրվում է ազատ կամքի հասկացությանը: Ճակատագրի իրական լինելն ընդունելու դեպքում խախտվում են նաեւ բարոյականության հիմքերը.  եթե կա ճակատագիր, ուրեմն` մարդն այլեւս պատասխանատու չէ իր գործողությունների համար: Նրա բոլոր արարքներն ի վերուստ որոշված են եւ, հետեւաբար, մեղքերի, հանցանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ճակատագիրը հաստատողի, այլ ոչ մարդու վրա: