28.11.2012

«Մանանա»-ն ինձ համար երկրորդ ընտանիքն է դարձել...»

«Մեծ սեր, ջերմություն, ուրախություն, համախմբված երիտասարդ ուժեր, օրհնություն…»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մասնակիցների ուխտի մասին մեզ հետ իր տպավորություններն է կիսում Մարիամ Մարիկյանը: Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հրեշտակապետների եւ երկնային բոլոր զորությունների տոնը։ Այս առիթով «Մանանա»-ի անդամների մասնակցությամբ կազմակերպվել էր ուխտերթ, որը մեկնարկեց Զվարթնոց տաճարից եւ ավարտվեց Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում` Սուրբ եւ Անմահ Պատարագի մասնակցությամբ։ Պատարագից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցել կազմակերպված ֆլեշմոբային նախաձեռնությանը. համատեղ ուժերով գունավորելով տառերը` երիտասարդները ստացան ուխտի նշանաբանը`«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»: Այս խոսքերը Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղղված նամակից են: «Նշանաբանը նպատակ ուներ «Մանանա»-ի երիտասարդներին հիշեցնելու սիրո մասին, որով պիտի առաջնորդվեն ամեն ինչում եւ ամեն մեկի հետ: Այն նաեւ բացականչություն ու կոչ էր փողոցով անցնողներին եւ ողջ մարդկությանը` ամեն բանում սերը գերադասել ամեն ինչից»,- ասում է ծրագրի կազմակերպիչներից Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը: «Օրն անձրեւային էր, բայց մեր ընդհանուր ուխտը լուսավորեց ու ջերմացրեց թե՛ ներաշխարհը, թե՛ օրը: Հաճելի էր տեսնել մարդկանց, որոնք հետաքրքրությամբ հետեւում էին ճանապարհով քայլող ուխտավոր հավատացյալներիս՝ այդ թվում եւ հոգեւորականներին: Նման դեպքերում ստացվում է, որ «եկեղեցին» է քայլում մարդկանց ընդառաջ եւ փնտրում նրանց:

«Մեր սեղանի վրա դրված Աստվածաշունչը չպետք է փոշոտվի». Տ. Վարդան աբեղա Նավասարդյան

Օրերս Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հանդիպումն էր` «Ո՞վ է քրիստոնյան» թեմայով: Օրվա բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:
Ներկաների հետ ծանոթանալուց հետո հոգեշնորհ հայր սուրբն անցավ բուն նյութին: Նշեց, որ իսկական քրիստոնյայի կոչմանն արժանի դառնալու համար պետք է հետեւենք Քրիստոսին, ապրենք Նրա պատգամներով: Իսկ Քրիստոսին հետեւելու առաջին նախապայմանը Նրան ճանաչելն է, գիտակցելը, որ Նա է մեզ կյանք պարգեւել, Նա է մեր կյանքը պահպանում, խնամում: Տերն ուզում է, որ մոտենանք Իրեն, ճաշակենք Իր սուրբ մարմինն ու արյունը, Աստծո խոսքերի ու խորհուրդների քաղցրությունը զգանք:
Հոգեւորականի խոսքով` մարդ արարածը ոչ միայն ֆիզիկական էակ է, մարմին ունի, այլ նաեւ` հոգեկան, եւ հոգեւոր սնունդը, հոգեւոր աճը նույն չափով կարեւոր է մեզ համար, որքան ֆիզիկականը: Մենք միշտ կարիք ունենք մեր հոգու այգին ջրելու, մեր հոգու ծարավը հագեցնելու: Իսկ այս ամենը Քրիստոս է պարգեւում մեզ: «Ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի»,-ուսում է Տերը: «Այս ճշմարիտ կերակուրն անհրաժեշտ է, որպեսզի ճանաչենք եւ կարողանանք զատորոշել, տարբերակել չարը բարուց, իմանանք` ճիշտ, թե՞ սխալ ենք վարվում մեր կյանքում, գիտակցենք մեր մեղքերը, զղջանք, ապաշխարենք: Մեզանից շատերն են ասում, որ եկեղեցի գնալով հանգստանում, խաղաղվում են. ուրեմն, հոգեւորին հասնելը, հոգեւորը ճանաչելն ու այդ աշխարհի մեջ ապրելն ամենակարեւորն է մարդու համար»:
Իսկական քրիստոնյա լինելու համար պետք ապրել քրիստոնեական արժեքներով, Ճշմարիտ կերպով հետեւել Սուրբ Գրքի պատգամներին, որի անբաժանելի մասն է կազմում բարի, առաքինի, համբերատար, ներող, գթասիրտ, ողորմած լինելը, կարիքավորներին օգնելը. չէ՞ որ ամեն մի այսպիսի քայլ մեզ մոտեցնում է Աստծուն, արժանի դարձնում Երկնքի արքայությանը:

Ինչո՞ւ է անհրաժեշտ հոգեւորականի ներկայությունը բանակում. Պատասխանում է հոգեւորականը

Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է զինվորի կողքին և այդ նվիրական գործը շարունակում է նաև մեր օրերում: Հոգևորականի դերի, նշանակության և առաքելության մասին Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը երիտասարդների հետ զրուցեց բանակի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ասատրյանը: Նա նշեց, որ հոգևորականը մեծ դեր ու առաքելություն ունի զինված ուժերում, քանի որ բանակում ծառայում են մարդիկ, ովքեր ևս պահանջ ունեն հոգևոր սննդի, պահանջ ունեն լսելու Աստծո խոսքը, ճանաչելու Ավետարանը:
Բանակում հոգևոր ծառայողներին միջազգային տերմինով անվանում են կապելաններ: Այս բառի առաջացումը վերաբերում է 4-րդ դարին: Համաձայն ավանդության` մի անգամ Սուրբ Մարտինը` դեռ երիտասարդ զինվորական, տեսնում է փողոցում սառչած մի աղքատի: Ապագա սուրբը պատռում է իր զինվորական թիկնոցը (կապպուն) երկու մասի և մի մասը տալիս է աղքատին: Այդ նույն գիշեր աղքատը հայտնվում է Մարտինի երազում և ասում, որ ինքը Հիսուս Քրիստոսն է: Սուրբ Մարտինի այդ կապպուի մի մասը ֆրանսիական բանակում դառնում է երկրպագության առարկա: Հատուկ նրա համար ստեղծվում է եկեղեցի (շարժական եկեղեցի. հիմնականում պատերազմների ժամանակ, երբ հոգևորականները գնում էին զորքի հետ, նրանց համար պատարագ մատուցում և հաղորդություն տալիս, որից հետո էլ դուրս գալիս պատերազմի)` կապելա, իսկ այնտեղ ծառայող հոգևորականին սկսում են անվանել կապելանուս:

16.11.2012

ԿՆՈՋ ԴԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Ընտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է».
Գարեգին Ա Հովսեփյանց Կաթողիկոսի այս խոսքերը վկայում են, որ կնոջը մեծագույն դեր եւ առաքելություն է վստահված: Այդ դերի եւ առաքելության մասին Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը երիտասարդների հետ զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Արսեն սարկավագ Զոհրաբյանը:
Հոգեւորականի խոսքով` Սուրբ Գրքի հենց առաջին գլխում տեսնում ենք, որ կինն ընկերն է տղամարդու. նրանք մի ներդաշնակության մեջ են: Աստված ստեղծեց կնոջը, ասելով. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Մեկնաբանություններից մեկի համաձայն` Եվան չստեղծվեց Ադամի գլխից, որպեսզի նրանից ավելի վեր չլինի, չստեղծվեց ոտքերից, որպեսզի նրա ենթական, ստրուկը չլինի, այլ ստեղծվեց Ադամի կողոսկրից, որպեսզի միշտ նրա կողքին լինի եւ սրտին ավելի մոտ»,-ասում է հոգեւորականը:
Խոսելով տղամարդու եւ կնոջ հավասարության մասին` բարեշնորհ սարկավագը նշեց, որ հասարակության մեջ պետք չէ խտրականության ենթարկել կանանց, բայց պետք է հիշել նաև կնոջ և տղամարդու միջև բնական տարբերությունը: Եթե կարդում ենք Հին Կտակարանը, տեսնում ենք, որ այստեղ առավելապես ընդգծվում է տղամարդու դերի կարեւորությունը` նահապետական կարգերի ուժով, սակայն Սուրբ Գիրքը երբեք ետին պլան չի մղում կնոջը: Այստեղ հանդիպում ենք բազմաթիվ օրինակների, երբ կանայք են ղեկավարում Իսրայելը կամ կարևոր դեր են ունենում Իսրայելի կյանքում: Իսկ արդեն Նոր Կտակարանում մենք տեսնում ենք, որ Քրիստոս հավասար վերաբերմունք է ցուցաբերում և’ կանանց, և’ տղամարդկանց: Նա նույնիսկ մեծ առանձնաշնորհում է տալիս կանանց. Խաչելության պահին, երբ տղամարդիկ փախան, կանայք էին կանգնած Հիսուսի մոտ, հենց կանայք ստացան Փրկչի Հարության ավետիսը, Հիսուսին Հարությունից հետո առաջինը տեսնողը ևս կին էր:

15.11.2012

ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ, ԱՅԼ ՀԱՎԱՏԱ


«Առաւոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա...»
Սուրբ Գայանե վանքի «Մանանան» գնում է Աստծո հետ հանդիպման` դեպի Մաստարա։ Ծարավ ենք սրտով և Աստծո ներկայությունը ավելի ուժեղ զգալու ցանկությամբ:
Ամբողջ ճանապարհին կարդում ենք սաղմոսներ, երգում հոգևոր երգեր, աղոթում, ավելի ջերմ զգում արդեն հարազատ դարձած մարդկանց և ավելի ուժեղ զգում այն մարդկանց բացակայությունը, ում հետ արդեն ընտանիք ենք դարձել ի շնորհիվ Մանանայի:
Մաստարայի Սուրբ Հովհաննես վանքը, որը ավելի քան 16  դար միավորել է քրիստոնիաներին, միավորում է նաև մեզ:

12.11.2012

Ի՞նչ է տալիս «Մանանա» ծրագիրը հայ երիտասարդին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը Հրեշտակապետաց տոնը հռչակեց «Մանանայի օր»: Տոնին ընդառաջ երեկ` «Մանանայի» անդամների մասնակցությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն` Զվարթնոց տաճարից դեպի Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ: Մեզ հետ զրույցում Ավանի «Մանանա» ծրագրի համակարգող Արթուր սարկավագ Արամյանը նշեց, որ ուխտերթը նպաստել է երիտասարդների հավատքի ամրապնդմանը եւ հնարավորություն ընձեռել նոր երիտասարդների ներգրավել դեպի եկեղեցի. «Մանանայի» դասերը հայ երիտասարդին հնարավորություն են տալիս ծանոթանալ հայ եկեղեցու դավանանքին, ծեսերին և առհասարակ` այն ամենին, ինչը կապված է հավատքի հետ: Կարեւոր է այն հանգամանքը, որ հանդիպումները անցկացվում ոչ որպես դաս, այլ` որպես զրույց, որի ընթացքում ցանկացած մեկը կարող է արտահայտվել եւ ներկայացնել իր կարծիքը»:

Հրեշտակապետաց տոնին կազմակերպված ուխտերթը հերթական անգամ միավորեց «Մանանայի» երիտասարդներին (ֆոտոշարք)

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբեց Ս. Հրեշտակապետաց տոնը, որը հայտարարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի մասնակից բոլոր երիատասարդների ուխտի օր: Այդ առիթով Մանանա ծրագրի կազմակերպչական խորհրդի նախաձեռնությամբ Զվարթնոց տաճարից երիտասարդական ուխտերթ կազմակերպվեց` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի: Այստեղ «Մանանայի» մասնակիցները ներկա գտնվեցին տոնի առիթով մատուցվող Ս. Պատարագի արարողությանը: Օրվա պատարագիչն էր Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի պատասխանատու Ժորա սարկավագ Սարգսյանն ասաց. «Մանանա ծրագրի տարբերանշանում պատկերված են հրեշտակներ, որոնք Աստծո պատգամաբերներն են: «Մանանայի» երիտասարդն իր առաքելությամբ որոշ իմաստով ընդհանրություն ունի հրեշտակների հետ` Աստծո խոսքը լսելու և այն մարդկանց փոխանցելու առումով: Ուստի պատահական չէ, որ Հրեշտակապետաց տոնը հայտարարվեց «Մանանա» ծրագրի երիտասարդի ուխտի օր: Սրբոց Հրեշտակապետաց տոնը հրաշալի առիթ հանդիսացավ «Մանանայի» երիտասարդների համար` ևս մեկ անգամ համախումբ ու միասնական ոգով ջերմացնելու հավատքի զգացումը յուրաքանչյուրի սրտում, որը, վստահ եմ, պիտի արտահայտվի նաեւ նրանց առօրյա կյանքում, քանզի այն սիրտը, որը լցվում է աստվածային ուրախությամբ և սիրով, անկարող է պարփակվել եսակենտրոն զգացումով: Այն վաղ թե ուշ դուրս է հորդելու առաքինի ու աստվածահաճո գործերով»:

06.11.2012

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՏՈՆ՝ ՄԱՆԱՆԱՅԻ ՈՒԽՏԻ ՕՐ


Տերը վերևից հրաման տվեց ամպերին ու բացեց դռները երկնքի։ Եվ մանանա տեղացրեց նրանց վրայ որպես կերակուր։ Երկնքի հացը տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան... (Սաղմ.  77:22-24) 

Դավթի սաղմոսի հրաշալի այս խոսքերը թեև հիշատակում են սրանից ավելի քան 3000 տարի առաջ հրեա ժողովրդի կյանքում տեղի ունեցած բոլորին քաջածանոթ պատմությունը, այնուհանդերձ ինչպես Աստվածաշնչի ցանկացած խոսք դրանք արդիական են դառնում նաև այսօր։

Փառք Աստծուն, որ ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, հիրավի, հազարավոր երիտասարդների համար դարձել է աստվածճանաչողության կարևոր մի աղբյուր, որի ակունքն ու հիմքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով։

Այսօր էլ Տերը աներևույթ մի հրամանով բացում է երկնքի դռներն ու ամպերը և հոգևոր կերակուրը՝ իմաստությունը, շնորհը, սերն ու օրհնությունը՝ որպես մանանա, լիառատ հեղում է երիտասարդների վրա։

Հետաքրքրական է, որ Սուրբ Գրքում մանանան անվանվում է «հրեշտակների հաց»։ Ամենևին պատահական չէ, որ ի հետևումն սաղմոսերգուի այս ակնարկի «ՄԱՆԱՆԱ» ծրագրի տարբերանշանում ևս պատկերված են հրեշտակներ, ովքեր խորհրդանշում են երիստասարդներին. չէ՞ որ հրեշտակները մշտապես երիտասարդ են, գործուն ու մշտաշարժ, Բարձրյալի կամքին հավատարիմ և միասնական։ Այսպես և ՄԱՆԱՆԱյի հրեշտակները տարբերանշանում ուս ուսի տված՝ միասնականորեն իրենց հայացքը հառել են դեպի Փրկչական Խաչը՝ իրենք իրենցով մի մեծ խաչ կերտելով։ Այս է ՄԱՆԱՆԱ ծրագրին մասնակից յուրաքանչյուր երիտասարդի կոչումը, այս է ծրագրի նպատակը, այս է քրիստոնյա ամեն երիտասարդի ուխտը։

2012թ. նոյեմբերի 10-ին Հայոց Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորությունների տոնը։ Այսուհետ այս տոնը պիտի դառնա ՄԱՆԱՆԱ ծրագրի մասնակիցների ուխտի օր՝ դեպի Սուրբ Էջմիածին, ուխտ, որի նպատակն է միասնությունը, աղոթքը, հոգևոր նորոգումը և զորացումը։ Այս հիանալի առիթով նոյեմբերի 10-ին ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երիտասարդի սիրով հրավիրում ենք մասնակցություն բերելու ուխտերթի, որը կմեկնարկի Զվարթնոց տաճարից և կավարտվի Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց մատուռում Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցությամբ։ Հավելյալ տեղեկությունների համար անցեք սույն հղումով:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և 
Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն 
(Բ Կորնթ. 13։13)։

ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագրի
Կազմակերպչական խորհուրդ

01.11.2012

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾԵՐ ԿԱՏԱՐԵՑԵՔ


Երևանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաքի բարձունքում վեր խոյացած Էլարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին յուրաքանչյուր կիրակի իր շուրջն է համախումբում Հայ առաքելական եկեղեցու Մանանա ծրագրի երիտասարդներին:
«Մանանայի» շրջանակներում եկեղեցիներին կից սրահներում շաբաթը մեկ անգամ  կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ հոգևորականների և երիտասարդների միջև:
Այս կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, աբովյանցիները հյուրընկալել էին Երևանի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում գործող  Մանանա ծրագրի երիտասարդներին և միասին քննարկում էին Ապաշխարության խորհուրդը:
Եկեղեցուն կից փոքրիկ սրահում հավաքված մոտ 25 երիտասարդների ջերմ հայացքներն ու բարի մթնոլորտը մոռացնել էր տվել դեպի ձմեռը ձգվող աշնանային սառը և անհյուրընկալ օդը:
Կողք կողքի նստած քրիստոնյա երտասարդների հայացքներն ուղղված էին օրվա բանախոսին` բարեշնորհ Ժորա սարկավագ Սարգսյանին:

Զրույցի ընթացքում  Ժորա սարկավագը նշեց, որ ապաշխարել բառը ծագում է «աշխարել» բառից որ նշանակում է լացել, կոծել սեփական մեղքերի համար: Այս խորհուրդը որոշակի հանգրվանի վրա մարդու և Աստծո հանդիպումն է, որով մարդը ազատվում է նախկինում գործած մեղքերից՝ վերահաստատվելով աստվածային շնորհի մեջ:     
Ժորա Սարկավագը ցավով անդրադարձավ, որ ներկայիս դարաշրջանն առավել վտանգավոր է մարդու ոգու համար:  Այս ճշմարտության գիտակցումը զգաստության կոչ է բոլորին` ճշմարիտ ու կատարյալ կյանքով ապրելու համար: Խորթ և անիրական չպետք է թվա կատարյալ կյանքով ապրելու մարդու կարողությունը, քանզի ինչպես Սուրբ Գրիգոր Նյուսացին է ասել` «Կատարյալ կյանքն այն կյանքն է, որի առաջընթացը դեպի կատարելություն չի սահմանափակվում ոչ մի սահմանով»: