04.12.2012

ՍԵՐ և ՇՆՈՐՀ + ֆիլմ

Նոյեմբերի 24-ին Սուրբ Գայանե վանքին կից փոքրիկ սրահում ուրախություն էր. այս վանքում արդեն 2 տարի գործող և Սուրբ Գայանե կույսի բարեխոսությանն արժանացած ՄԱՆԱՆԱ ծրագիրը վերստին համախմբել էր իր հին ու նոր անդամներին` մասնակցելու «ՍԵՐ և ՇՆՈՐՀ» խորագիրը կրող միջոցառմանը։ Նախաձեռնությունը հենց ծրագրին մասնակից երիտասարդներինս էր։ Մթնոլորտը ջերմ էր ու ընտանեկան։ Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա Մանանայի շնորհաշատ երիտասարդները՝ Թամարան, Աստղիկը, Անուշը, Արփինեն, Ավնիկը, Հարությունը, Դիանան, Լուսինեն, Լուիզան և մյուսները ներկայացրեցին իրենց ստեղծագործ ջանքերով կյանքի կոչված արվեստի գործերը՝ սրբանկարներ, գեղանկարներ ու գծանկարներ, գոբելեն և ասեղնագործություն, քանդակներ և զարդեր...

03.12.2012

Հայ ընտանիքը եւ ամուսնալուծության խնդիրը` ըստ Եկեղեցու

«Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ»,-ասում է Ջ. Մաձինին:

«Մանանա» երիտասարդական ծրագրի շրջանակներում հերթական կիրակի օրը Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում զրույց ծավալվեց «Հայ ընտանիքը եւ ամուսնալուծության խնդիրը» թեմայով: Օրվա բանախոսն էր Սարգիս սարկավագ Գալամդարյանը, ով այժմ իր ծառայությունն է մատուցում ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում:
Ամուսնությունը մեր Եկեղեցու խորհուրդներից մեկն է եւ կոչվում է Սուրբ Պսակ: Ծննդոց Գիրքը պատմում է, որ Ադամը, բոլոր կենդանիներին անուններ տալով, չի գտնում իր նմանությամբ մեկին, ով կսփոփեր իր միայնությունը: Եվ Աստված քուն է բերում Ադամի վրա` նրա կողոսկրից ստեղծելով Եվային: «Ուրեմն, ընտանիքի ստեղծման առաջին պայմանը տարասեռությունն է, քանի որ Աստված չի արարում հենց Ադամ, այլ մեկին, ով նման էր նրան` որպես մարդ արարած, բայց եւ տարբերվում էր նրանից: Աստված կնոջը նաեւ կյանք պարգեւելու մեծագույն շնորհը տվեց, այդ իսկ պատճառով առաջին կինը կոչվեց Եվա` կյանք»: