27.09.2011

ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ




ՄԱՆԱՆԱյի հերթական այս հանդիպումը, որ 2-րդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորչում, նշանավորվեց բուռն և անգամ «վտանգավոր» քննարկմամբ: Հանդիպմանը ներկա էին ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձիք, ովքեր վիրավորական էին համարում քրիստոնեության կողմից համասեռամոլությունն իր դրսևորումներով հանդերձ «մոլություն» անվանելը: Այդ երիտասարդները ներկայացել էին տեսախցիկներով զինված և նկարահանել են ծրագրի ողջ ընթացքը: Տեսագրման բուն նպատակը, բնականաբար, ապացույցներ հավաքելն էր, թե սեռական փոքրամասնությունները հալածվում են Հայաստանում:

Այնուամենայնիվ հիշեցնենք, որ քրիստոնեությունը, որպես Քրիստոսի հետևորդների կրոն, երբեք չի հալածում ու չի պարսավում մարդուն, այլ դատապարտում է մեղքը, մոլությունն ու աղտը, որը, ցավ ի սիրտ, տարածում է մարդը: Մի բան շատ ավելի հստակ է. դարձի եկածին Եկեղեցին միշտ գրկաբաց է ընդունում: 
Տերը թող ողորմի իր արարածներին և մեզ բազմամեղներիս:

25.09.2011

ԵՐՋԱՆԿՈՒԹԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

«ՄԱՆԱՆԱ»յում երջանկության թեման քննարկվող և ամենապահանջված, բայց միևնույն ժամանակ ամենից չսպառվող թեման է. ով ներկա է եղել, գիտի: Այո՛, հաճախ երջանկության ընմբռնումը չափազանց ներանձնականացված է, հաճախ շատերի համար համընդհանուր:
Երջանկություն է, օրինակ, ինձ համար ունենալ հոգատար ու առողջ ծնողներ, երջանկություն է ունենալ խաղաղ ու ներդաշնակ ընտանիք, սիրող, սիրված ու նվիրված կին կամ ամուսին և այլն և այլն...
Երջանկության վերոնշյալ մոդելի մասին հիշատակում ու ակնարկում է Սիրաք Իմաստունը` ասելով. «Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։ Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ (Սիրաք 24:1-2)։ Եվ ես երբեք չէի պատկերացնի, թե «եղբայրների միաբանության» մեջ ինքս էլ երջանկություն կգտնեի: