30.05.2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎՈՒՄ

 Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։
Հովհ. 14:17

Ե ՞րբ պիտի գտնեմ Քեզ:  Մենք Քեզ կորցնում ենք… անվերջ կորցնում... կորցնում աղմուկի մեջ... մեր  մտքերի վազքի մեջ… մեր խոսքերի անիմաստության մեջ… մեր կամքի հիմարության մեջ…մենք Քեզ կորցնում ենք...
Ե ՞րբ պիտի գտնես ինձ… թեկուզ և բռնությամբ Քեզ մոտ բերես…
Շենուդա հայրապետի խոսքերը հիշեցի…«Եկ և ինձ մի սպասիր, որպեսզի չլինի թե Դու սպասես, և ես չգամ…»: Քեզ գտա Տաթևում: Կրկին գտա Քեզ:  Չգիտեմ որտեղ էի կորցրել, բայց գտա… երևի ես ինձնից Քեզ թաքցնում էի.. ավելի շուտ ինձ էի թաքցնում Քեզնից… Քեզ կրկին գտա: Ինչքան էի կարոտել Քեզ: Ես ոչինչ չարեցի.. Դու եկար ինձ մոտ…

29.05.2012

Լուսանկարներ. Ուխտագնացություն դեպի Հավուց թառ

Ուխտավորներն այցելեցին Հավուց Թառ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հավուց Թառի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի մեկնարկային էր այս տարի: «Ուխտագնացությունը զորեղ միջոց է` հավատքի վերանորոգման և վերազարթոնքի, ներանձնական կյանքում հոգևոր խաղաղության վերահաստատման համար: Ամեն մի ուխտագնացության նպատակը սրտաբուխ աղոթքն է, ինչը սրբազան որևէ նպատակի համար ուխտ արած քրիստոնյայի հոգու խորքից առավել ջերմեռանդորեն է բխում և լսելի դառնում Աստծուն»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի պատասխանատու Ժորա սարկավագ Սարգսյանը: 

17.05.2012

«ՄԱՆԱՆԱ»-Ն «ԻՋԱՎ» ՆԱԵՒ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ


Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից սրահում «Մանանա»-ի մասնակիցներին հյուրընկալել էր Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սամվել սարկավագի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ առաջին Մանանան Արարատի մարզ էր բերել Վարազդատ սարկավագը:
Զրույցի թեման էր` «Ո՞վ է քրիստոնյան»:
Մանանայի շրջանակներում առաջիկա հինգշաբթիներին կքննարկվեն նաեւ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Երջանկությունը», «Սեր և սիրահարվածությունը», «Երազները և երազահանությունը», «Էվթանազիան», «Աղանդների մարտավարությունը», «Գուշակությունները և կախարդությունները», «Հրաշքները մեր օրերում» եւ այլն:
«Քրիստոնեությունը ընկալումը վերաժեւորման կարիք ունի որոշ քրիստոնյաների հոգիներում: Թյուր ընկալում է, թե քրիստոնեությունը խեղճերի կրոն է: Քրիստոնյան ոչ թե փնտրում գտնում է ուրախության օջախներ եւ ժամանակ առ ժամանակ իրեն երջանիկ զգում, այլ ինքն է հենց ուրախության աղբյուրը»,- զրույցի ընթացքում մասնավորապես ասաց Վարազդատ սարկավագը` խոսելով քրիստոնեության` որպես յուրաքանչյուրի կյանքն իմաստավորող ապրելակերպի մասին:

Բյուրավանի եկեղեցու Երիտասարդաց միության անդամները «Մանանա» ծրագրին բարի գալուստ էին մաղթել մեծ տորթի միջոցով, որի ճաշակումից հետո մեկնարկեց հանդիպման երկրորդ` հարցուպատասխանի փուլը:
Մասնակցում էին ինչպես Բյուրավանի, այնպես էլ Դվինի, Նշավանի եւ Մխչյանի եկեղեցիների Երիտասարդաց միությունների անդամները:

Գեղամ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Մխչյանի Սուրբ Հովհաննես Երիտասարդական միության պարբերական