29.05.2012

Ուխտավորներն այցելեցին Հավուց Թառ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հավուց Թառի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի մեկնարկային էր այս տարի: «Ուխտագնացությունը զորեղ միջոց է` հավատքի վերանորոգման և վերազարթոնքի, ներանձնական կյանքում հոգևոր խաղաղության վերահաստատման համար: Ամեն մի ուխտագնացության նպատակը սրտաբուխ աղոթքն է, ինչը սրբազան որևէ նպատակի համար ուխտ արած քրիստոնյայի հոգու խորքից առավել ջերմեռանդորեն է բխում և լսելի դառնում Աստծուն»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի պատասխանատու Ժորա սարկավագ Սարգսյանը: 


Հոգեւորականը հավելեց, որ «Մանանայի» երիտասարդները Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հաղթանակների առիթով Հավուցթառի վանքում աղոթք վերառաքեցին Հայոց աշխարհի անսասանության, հայ ժողովրդի բարօր կյանքի և հայ զինվորի՝ հայրենիքը պաշտպանելու աննկուն կամքի հարատևման համար. «Հավուց Թառը, որը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը, այն նշանավոր սրբավայրերից է, որոնցից հոգևոր անսպառ զորություն է հորդում, որտեղ կարող ես առավել չափով զգալ աղոթքի զորությունը: Դեպի Հավուց Թառ ուխտագնացությունը պետք է իմաստավորվեր նաև ուխտավորի սեփական փոքրիկ զոհողությամբ. իր դժվարամատչելի դիրքի պատճառով նա պետք է փոքր-ինչ հոգնությամբ հաղթահարեր դեպի վանական համալիր տանող ճանապարհը»,-հավելեց Ժորա սարկավագը: 


Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու «Մանանա» երիտասարդաց միության անդամ Արման Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ճանապարհի բարդ լինելն ուժ էր ներշնչում. «Երբ հասանք եկեղեցի, այդ դժվարության զգացումը չքացավ: Հույս չունեի, որ կարող եմ հեշտ եւ հանգիստ անցնել այդքան ճանապարհ: Սովորաբար, ժողովդրի մոտ կարծիք է ձեւավորված, թե  ճանապարհին տրտնջում են, բայց մասնակիցներից ոչ մեկ չդժգոհեց, քանի որ սիրով եւ ուրախությամբ լի մթնոլորտ էր տիրում: Ես առավել տպավորված եմ միասանական աղոթքից»-հավելեց Արմանը:
Իսկ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամ Նառա Բաբայանը նշեց, որ  մասնակիցներից ոմանք ճանապարհին նույնիսկ վատ գզացին, բայց երբ հասան Հավուց Թառ, գիտակցեցին դժվարությունը հաղթահարելու իմաստը. «Երկրորդ անգամ էի գնում Հավուց Թառ, ճիշտ է, կիսաքանդ եկեղեցում ենք աղոթել, բայց այդ պատերը կարծես ուժ էին ներշնչում այն աստիճանի, որ ոմանք աղոթքի ընթացքում նույնիսկ լաց եղան»:


Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Aravot.am

2 комментария:

Ձեր կարծիքը շատ կարևոր է: