Այն, ինչ
կներկայացնեմ, իմ
սուբյեկտիվ տպավորություններն են, սակայն
վստահ եմ, որ ուխտագնացության բոլոր մասնակիցներն էլ ապրել են այդ:
Սկսեմ
ճանապարհից: Կյանքումս երբեք այդպիսի
ճանապարհ չէի գնացել: Մթնոլորտը տոգորված էր աղոթքներով և շարականներով, աննկարագրելի ջերմությամբ ու հավատով:
Անվերջ տեղացող աղոթքները ապացույցն էին այն բանի, որ բոլորիս սրտում կա հավատ, հավատ, որ առաջնորդում է դեպի աշխարհի, մարդկանց փրկությունը:
Ճանապարհին կանգ առանք Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Աղոթեցինք: Աղոթքների մեջ մեզ առաջնորդում
էին, իհարկե, Տեր Հուսիկն ու Վարազդատ սարկավագը: Նրանք էին, որ օգնեցին ուխտներս սրտերում հասնել մինչև Տաթևի վանք: Նրանց աղոթքներով եկեղեցին ասես մի պահ լցվեց անասելի ջերմությամբ:
Մեր աղոթքներում միաձայն հայցում
էինք Աստծուն, որ ի կատար ածվեն բոլորիս ուխտները, որ մարդիկ հավատով ու սիրով լցվեն
միմյանց նկատմամբ, որ սերը լինի մարդկային հարաբերությունների հիմքը և սկիզբը: Այնուհետև
շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Տաթև: Որքան
էլ ճանապարհը երկար էր, այն զարմանալիորեն չէր հոգնեցնում մեզ, քանի որ յուրաքանչյուրս լցված էինք
մի անասելի ավյունով, որը, վստահ եմ, արդյունքն էր մեր աղոթքների:
Վերջապես հասանք հինավորց վանք: Ժամանակը քիչ էր, և բոլորս շտապում էինք րոպե առաջ հասնել. առջևում երեկոյան ժամերգությունն էր:
Հասնելուն պես սկսվեց ժամերգությունը: Մեզ ոչինչ չխանգարեց, երկար ճանապարհի փոքրիկ հոգնությունը անմիջապես հօդս ցնդեց, եկեղեցուն
հասնելուն պես մոռացվեց ամեն ինչ, և մեր մտքերում միայն ժամերգությունն էր: Այնտեղ
մեզ դիմավորեց և տեր Հուսիկի հետ ժամերգությունն անցկացրեց հայր Սուրբը` հայր Միքայելը, մարդ,
ում անսահման բարությամբ, հավատով և աղոթքներով լցված էր ամբողջ վանքը: Ժամերգությունը
վերջնականապես օգնեց մեզ վերականգնվել: Ժամերգությունից հետո մի փոքր շրջեցի Տաթևի
հրաշագեղ վանքի շրջակայքում, փորձեցի ի մի բերել ներաշխարհումս
կուտակված հույզերը: Առջևում գիշերային ժամերգությունն էր: Մինչ ժամերգության սկսվելը Տեր Հուսիկի և Վարազդատ սարկավագի հետ
եկեղեցում Աստվածաշունչ ընթերցեցինք, ապա ազատ զրույց ունեցանք: Զրույցն ինձ շատ բան տվեց: Ես հասկացա, որ Սերն է այս աշխարհի միակ փրկությունը, Սերն է մարդկանց միակ փրկությունը. մարդիկ պետք է սիրեն միմյանց, պետք է ամեն ինչի հիմքում միայն Սերը լինի: Միայն այդպես մենք կմոտենանք Աստծուն: Չէ՞ որ Հիսուսը սիրեց մարդկանց, իսպառ սիրեց: Այնուհետև սկսվեց ժամերգությունը, որն ինձ համար ամենատպավորիչներից էր: Եկեղեցու ցուրտը
պատել էր մեզ, բայց մեր հոգիները լցված էին անսահման ջերմությամբ, որը մեզ պարգևում էին աղոթքները: Մենք աղոթում
էինք ի խորոց սրտի, աղոթում էինք մոռացած ամեն ինչ: Մեզ բոլորիս մի բան էր համախմբել
այդտեղ, այդ ժամին, միասին`
հավատն առ Աստված: Ժամերգությունը բավական ուշ ավարտվեց: Գիշերվա խավարն անտեսելով՝
մենք քայլեցինք դեպի Տաթև
գյուղում գտնվող այն տունը, որտեղ
պետք է անցկացնեինք գիշերը:
Նախորդ` բավականին ծանրաբեռնված օրը չխանգարեց, որ մենք առավոտյան առույգ ու պատրաստակամ արթնանաք և ճանապարհվենք վանք: Սկսվեց առավոտյան ժամերգությունը. նորից աղոթք: Ժամերգության ավարտից հետո
փոքր-ինչ շրջեցինք վանքի տարածքում՝ ամբողջացրեցինք մեր տպավորությունները գեղատեսիլ
այդ մենաստանի վերաբերյալ: Այնուհետև
ականատես եղանանք, թե ինչպես է Տեր Հուսիկը պատրաստում Սուրբ Հաղորդության նշխարը: Շատ հետաքրքիր էր:
Սկսվեց
Հոգեգալստյան պատարագը: Պատարագն աննկարագրելի էր: Երբեք այդպիսի զգացումներ չէի ունեցել: Խորանի առաջ կանգնած՝ միայն մի բան էի զգում ու միայն մի
բանով էի շնչում` աղոթք, աղոթք, աղոթք: Ամեն ինչ ուրիշ էր, ամեն ինչ այլ կերպ էր այդ օրը: Ես զգացի, ապրեցի
Պատարագը: Հաղորդվել Քրիստոսին… Այդ անբացատրելի զգացումը մինչև հիմա ինձ հետ է: Ես հասկացա, որ այդ
պահին իսկ ուխտագնացությունը
շատ բան փոխեց իմ կյանքում, իմ
գիտակցության մեջ, իմ
հոգում:
Պատարագից հետո շրջեցինք, բայց գլխումս Պատարագն էր, աղոթքները: Ընդհանրապես վանքի շուրջ
սփռված անսահման բարությունը լուսավորում էր ամեն ինչ:
Երեկոյան՝ ետդարձից առաջ, դարձյալ
աղոթում էինք. Տաթևի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էինք՝ բոլորս ծնկած: «ՏԷր ողորմեան» մինչև հիմա ականջներումս է:
-
Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել,- հորդորց Հայր
Միքայելը: Ճանապարհից
առաջ ասած նրա խոսքերը ետդարձի ողջ ընթացքում մտքումս էին: Նրա ամեն խոսքը մի ամբողջություն էր` լեցուն իմաստությամբ ու
բարությամբ:
Հետաքրքիր էր ետդարձը: Դարձյալ զրուցում էինք: Մեքենայի մեջ մեր
փոքրիկ խմբին միացած Կարապետ անունով մի վանականի հետ զրույցը ևս շատ հոգևոր ու ուսուցողական
եղավ. կային բազմաթիվ
հարցեր,
որոնց պատասխանը ես ստացա
այդ օրը:
-
Այն, ինչ ստացաք, աշխատեք
երբեք չկորցնել,- հորդորել էր Հայր Միքայելը:
Այդպես էլ կանեմ…
Անահիտ Մարտիրոսյան
-Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել: Այս խոսքերը շատ խորհին դիպչեցին իմ սրտին: Ես իմ կյանքւմ կորցրել եմ, և հետո խորհելով հասկացել եմ, որ հենց ես եմ դրանում մեղաոր: Յուրաքանչյուրս պետք է կարողանաք պահել պահպանել այն, ինչ գտել ենք, ինչ ունենք, և դա մեր ճշմարիտ քայլերով ր արարքներով պետք է պահենք պահպանենք: Շատ շնորակալ եմ ձեր գեղեցիկ հոդվածի համար: Երանի թե ես այդ օրը ձեր բելերի հետ լինեի: Աստված օրհնի բոլորիտ:
ОтветитьУдалить-Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել: Այս խոսքերը շատ խորհին դիպչեցին իմ սրտին: Ես իմ կյանքւմ կորցրել եմ, և հետո խորհելով հասկացել եմ, որ հենց ես եմ դրանում մեղաոր: Յուրաքանչյուրս պետք է կարողանաք պահել պահպանել այն, ինչ գտել ենք, ինչ ունենք, և դա մեր ճշմարիտ քայլերով ր արարքներով պետք է պահենք պահպանենք: Շատ շնորակալ եմ ձեր գեղեցիկ հոդվածի համար: Երանի թե ես այդ օրը ձեր բելերի հետ լինեի: Աստված օրհնի բոլորիտ:
ОтветитьУдалить