27.06.2012

Իմ սիրելի Տաթև… Կարոտում եմ քեզ…


Իմ սիրելի Տաթև,
Նոր եմ հետ վերադարձել, բայց արդեն իսկ կարոտում եմ քեզ: Դու դիմավորեցիր ինձ քո  թաց համբույրով: Սպասումի արցունքները անձրևի տեսքով նետեցիր  դեմքիս  և հաղորդակից դարձրեցիր ինձ քո տխրությանը: Օր օրի դանդաղ քանդվող քո պատերի ներսում է, որ նորից ի հայտ եկան իմ թաց աչքերը ու ես ինձ այնքան անզոր զգացի քո ուժի առաջ՝ թեև հոգնած, բայց և հզոր: Չնայած քո անսահման տխության և արցունքների, դրանք արագ մաքրեցիր քո դեմքից և գիշերը փայլեցիր ամենապայծատ աստղերով, իսկ չորս  անքուն ուխտավորների կեսգիշերային զրույցը քո եկեղեցու հատակին դարձրեցիր պարզապես ասվածային: Քեզ մոտ է, որ ապրում է լռությունը. լռություն, որի մեջ է միայն ու միայն լսվում Աստծո խոսքերը: Իսկ մարդկային անտարբերությունը, որ սովորաբար ամենախորն է խոցում, քո պարիսպներից ներս այնքան չնչին է  դառնում ու անինաստ: Չկա ավելի գեղեցիկ գիշեր, քան այն մեկը քո սառը պատերի մեջ և Որոտանի` երբեք չվերջացող պատմությունների ներքո: Իսկ առավոտյան դու բացվեցիր իմ առաջ քո ամբողջ թարմությամբ, թեև մի փոքր մռայլ:
Եվ ես նորից սիրահարվեցի քեզ, քանզի քեզ հետ է, որ բոլոր մեղավորների մեջ ինձ ամենաանմեղն եմ զգում ու բոլոր խենթերի մեջ` ամենաարդարացվածը:
Այնքան երկար էր իմ ճանապարհը դեպի քեզ և այնքան դժվար, դու ինքդ էլ գիտես: Եվ միայն հիմա եմ հասկանում, թե ինչու էի ես դա ցանկանում: Քո մոտ գտա այն պատասխանները, որոնք կարծես թե թաքնվել էին ինձանից երկար ժամանակ: Քո մոտ ասեցի այն խոսքերը, որոնք կոկորդումս էին կանգնել ու չէին թողնում շնչել: Եվ միայն քո բարձր պարսիպներից տեսա աշխարհն իր ամբողջ գեղեցկությամբ: Ու քո եկեղեցու պատերի ներսում  անցկացված ժամերգությունները ու պատարագը դրեցին ամենավերջին հիմնաքարը իմ իրական էության:
Գիտես, շատերն են ցանկանում քեզ տեսնել, բայց քչերն են համարձակվում հասնել քո բարձրունքներին, բայց ամեն հասնողն էլ չէ, որ քեզ հասկանում է ու գնահատում այնպես, ինչպես, որ դու կաս իրականում: Բայց դու մի՛ տխրիր: Մարդկային կյանքում էլ է այդպես:
Տաթև՛, դու խառնեցիր իմ մտքերը, ներխուժեցիր նրանց մեջ, ու կատարեցիր մի անդառնալի հեղափոխություն: Հիմա էլ նորից հետ, նորից առանց քեզ ու նորից միայնակ: Չկա քո՝ ինձ անվերջ սփոփող պարզ ու հասարակ շքեղությունը: Այլ մնացին միայն հուշեր, որ երբեք ու երբեք չեն ջնջվի, մնացին հույզեր, որ միշտ ու միշտ կքայլեն իմ կողքով ամեն անգամ, երբ միայնակ քայլեմ փողոցով ու երբ նույն միայնությամբ ստվերս թափառի իմ տան կիսամուտ պատերով:
Իսկ ես գիտեմ, որ մի օր նորից կհանդիպենք, դու կլինես ավելի ուժեղ ու կյանքով լեցուն, իսկ եսՉգիտեմ, բայց շատ չեմ փոխվի: Եթե նույնիսկ փոխվեմ էլ, դու միշտ կմնաս իմ սիրելին:

2 комментария:

  1. Анонимный18.07.2012, 12:58

    Հրաշալի էր.... մի պահ ինձ զգացի Տաթևին այնքան մոտ, սակայն ես այնտեղ երբևէ չեմ եղել.... ԿԵՑՑԵՍ

    ОтветитьУдалить
  2. Анонимный21.07.2012, 22:29

    Շատ գեղեցիկ և անկեղծ առտահայտում է: Ես էլ հույս ունեմ տեսնել այդ հրաշքը:
    Կ.

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: