18.10.2011

ՍՈւՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Նկարը` այստեղ
Սկիզբը` Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ 

Հաճախ, ներկա գտնվելով Սուրբ Պատարագին` մեզ թվում է, թե Պատարագը սկսվում է այն պահից, երբ քահանան դուրս է գալիս մարդկանց մեջ ու բարձրանում է Սուրբ Խորան, սակայն իրականում Պատարագին պատրաստվելու ընթացքը ևս շատ կարևոր ու խորհրդանշական է. ընդհուպ քահանայի հանդերձավորումը իր մեջ իմաստ ունի: Քանի որ Սուրբ Խորանի վրա քահանան խորհրդանշելու է Քրիստոսին, անհրաժեշտ է, որպեսզի նա ոչ միայն հոգեպես ձգտի նմանվել նրան, այլ նաև իր հաներձանքով մարմնավորի Քրիստոս Աստծո թագավորական, մարգարեական ու քահանայական փառքը: Այսպես` սպիտակ շապիկը, որ կրում է քահանան, խորհդանշում է Քրիստոսի մաքրությունը, անմեղությունը, խույրը կամ թագը, զորության նշանն է, որով Քրիստոս հաղթեց չարին, բազպանները, որ քահանան կրում է ձեռքերին , նշան է քահանայի հեզության. նա ձեռքերով մտնում է Քրիստոսի խորհրդի մեջ:
Զգեստավորումից հետո քահանան դուրս է գալիս ավանդատնից և ուղղվում դեպի խորան, որտեղ լվանում է ձեռքերը` ի նշան ապաշխարհության, այնուհետև դառնալով դեպի հանդիսադիր քահանան ու ժողովորրդը խոստովանում է իր մեղքերը և խնդրում նրանցից աղոթել իր մեղքերի թողության և պատարագը արժանորեն մատուցելու համար: Խոստովանությունից հետո պատարագիչը բարձրանում է խորան և վարագույրը փակվում` խուրհրդանշելով Քրիստոսի ծննդյան վարագուրված ու անընկալելի խորհուրդը: Այդ ընթացքում վարագույրի հետևում պատարագիչ քահանան օրհնում է հացը և գինին, որպեսզի վերջում մատուցի ժողովրդին որպես Քրիստոսի Մարմին և Արյուն: Ահա այսքանով ավարտվում է Պատարագի առաջին հատվածը` Պատրաստությունը:

Վարագույրը բացվելուց հետո քահանան իջնում է խորանից և շրջում մարդկանց մեջ. սա խորհրդանշում է Քրիստոսի առաջին գալուստը` մարդանալը, ինչի համար այն հաճախ անվանվում է Աշխարհգալոց: Աշխարհգալոցի ընթացքում մարդիկ կարող են խնդրել քահանային իր ծածուկ աղոթքներում հիշատակել իրենց կամ իրենց հարազատներին: Այս արարողությանը հաջորդում է մեկ այլ շատ կարևոր պահ` Աստվածաշնչի ընթերցանությունը: Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ հարկավոր է ոտքի կանգնել և լռությամբ ու ուշադրությամբ լսել, քանի որ հնչում է Քրիստոսի` Աստծո խոսքը:

Այնուհետև սկսվում է Պատարագի այն հատվածը, որ անվանվում է Երախայից Պատարագ: Երախաները չմկրտված անձիք են. նրանց և բոլոր անմաքուր, թերահավատ մարդկանց, սարկավագը կոչ է անում դուրս գալ նախագավիթ և հաղորդություն չստանալ, քանի որ չլինելով լիարժեք քրիստոնյա` չի կարելի մասնակից լինել Սուրբ խորհրդին: Այսքանով ավարտվում է պատարագի երկրորդ հատվածը` ճաշու պաշտոնը և սկսվում է երրորդ հատվածը` Սուրբ Պատարագի կանոնը, որին կանդրադառնանք մյուս գրառման մեջ:

շարունակելի

Նյութը պատրաստեց Նվարդ Հայրապետյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: