ՄԱՆԱՆԱՅԻ ՄԱՍԻՆ

«ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստված և իրագործվող երիտասարդական ծրագիր է, որն իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների միջոցով:

«ԻՆՉՈ՞ւ ՄԱՆԱՆԱ» - «Մանանա» անվանումը խորհրդանշում է այն հոգևոր սնունդը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր հավատացյալ երիտասարդի` հոգեպես զորանալու և քրիստոնեական գիտելիներով հարստանալու համար: Համաձայն սուրբգրային խոսքի` «Երբ իսրայելացիները տեսան այն /մանանան/, իրար ասացին. «Ի՞նչ է սա» (Ելք 16:15), այդպես և «Մանանա» ծրագիրը երիտասարդներին տալիս է հոգևոր ոլորտին վերաբերող «ի՞նչ է սա» հարցադրման պատասխանները:

ՆՊԱՏԱԿԸ - «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն, ծանոթանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին և ավանդույթներին, ինչպես նաև արդիական հարցերի և երիտասարդությանը հուզող խնդիրների վերաբերյալ ստանալ մատչելի բացատրություններ և արտահայտել սեփական կարծիքը` հարցերի վերաբերյալ ձևավորելով քրիստոնեական աշխարհայացք: Ծրագրի իրականացումը նպաստում է նաև երիտասարդության համախմբմանը և երիտասարդաց միությունների ստեղծմանն ու եկեղեցական-համայնային կյանքի աշխուժացմանը:

ԾՐԱԳՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ – «Մանանա» ծրագիրը իր մեկնարկը ստացել է 2010 փետրվար ամսին` Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սկզբնական շրջանում եկեղեցու երիատսարդաց միության փոքրաթիվ անդամների հետ կազմակերպված զրույց-քննարկումները, որոնք տարվում էին արդիական խնդիրների շուրջ, կարճ ժամանակ հետո առիթ դարձան միությունը նոր անդամներով համախմբելու համար, ինչի արդյունքում Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամների թիվը եռապատկվեց: Այս նախօրիանակը վարակիչ եղավ նաև Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միության համար, որի հետ Մանանա ծրագրի իրականացումը սկսվեց 2010թ. հունիսին: Օգոստոս ամսին ծրագրին միացան ԱՀԹ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին, սեպտեմբերին` Էջմիածնի Սուրբ Գայանե վանքը, հոկտեմբերին` Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքը (այժմ տեղափոխվել է Սուրբ Հռիփսիմե), նոյեմբերին` ԱՀԹ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին, ապա Արագածոտնի թեմի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: 2011թ. «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրին միանալու պատրաստակամություն հայտնեցին ԱՀԹ Սուրբ Զորավոր Աստվածածին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցիները, իսկ 2011թ. ապրիլ ամսին` Արմավիրի թեմի Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Չնայած «Մանանա» ծրագրի կարճատև` դեռևս 1,5 տարվա գործունեությանը ընդհանուր առմամբ դրան մշտապես մասնակցում է շուրջ 500 երիտասարդ:

Ծրագիրն ունի նաև իր խումբը սոցիալական ցանցում` ՄԱՆԱՆԱ ծրագիր անվամբ: Այստեղ խմբի անդամները ծանոթանում են միմյանց, շփվում, քննարկում ծրագրի հետ կապված որևէ իրադարձություն և պարբերաբար տեղեկացվում հանդիպումների թեմաների և ուխտագնացությունների մասին: Ներկայում ՄԱՆԱՆԱ ծրագիր խումբն ունի ավելի քան 2000 անդամներ:

ԸՆԹԱՑՔԸ – Մանանա ծրագրի շրջանակներում Եկեղեցիներին կից սրահներում կազմակերպվում են ամենշաբաթյա հանդիպումներ տարբեր հոգևորականների հետ (Մանանայի շրջանակներում զրույցները վարում են միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները), որոնց ընթացքում տեղի են ունենում քննարկումներ արդիական զանազան խնդիրների շուրջ, հարցեր ու պատասխաններ, որոնք մատուցվում են աստվածաշնչյան մատչելի բացատրություններով: Ծրագրով նախատեսված են նաև Սուրբ Գրքի սերտողություններ և մակնություններ, Հայ Առաքաելական Սուրբ Եկեղեցու վարդապետության, դավանանքի և ավանդույթների ուսուցում, աղոթքներ և խոկումներ, հաճախակի ուխտագնացություններ, մի շարք ժամանցային և բարեսիրական, սոցիալական միջոցառումներ:
Մանանա ծրագրի յուրաքանչյուր հանդիպում բաղկացած է օրվա թեմայի մատուցումից, հյուրասիրությունից և օրվա թեմայի քննարկումից:
Մանանայի շրջանակներում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Երջանկությունը», «Սեր և սիրահարվածությունը», «Երազները և երազահանությունը», «Էվթանազիան», «Աղանդների մարտավարությունը», «Գուշակությունները և կախարդությունները», «Ո՞վ է քրիստոնյան» «Հրաշքները մեր օրերում», «Աստվածաշունչ», «Եկեղեցի», «Հավատք և հավատամք», «Եկեղեցական 7 Սուրբ Խորհուրդները», «Մեղքը և չարը», «Վերջին դատաստան և հավիտենական կյանք»...


ՄԱՆԱՆԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է Ի ՓԱՌՍ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ ՈՒ ԶՈՐԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ: