27.06.2012

Իմ սիրելի Տաթև… Կարոտում եմ քեզ…


Իմ սիրելի Տաթև,
Նոր եմ հետ վերադարձել, բայց արդեն իսկ կարոտում եմ քեզ: Դու դիմավորեցիր ինձ քո  թաց համբույրով: Սպասումի արցունքները անձրևի տեսքով նետեցիր  դեմքիս  և հաղորդակից դարձրեցիր ինձ քո տխրությանը: Օր օրի դանդաղ քանդվող քո պատերի ներսում է, որ նորից ի հայտ եկան իմ թաց աչքերը ու ես ինձ այնքան անզոր զգացի քո ուժի առաջ՝ թեև հոգնած, բայց և հզոր: Չնայած քո անսահման տխության և արցունքների, դրանք արագ մաքրեցիր քո դեմքից և գիշերը փայլեցիր ամենապայծատ աստղերով, իսկ չորս  անքուն ուխտավորների կեսգիշերային զրույցը քո եկեղեցու հատակին դարձրեցիր պարզապես ասվածային: Քեզ մոտ է, որ ապրում է լռությունը. լռություն, որի մեջ է միայն ու միայն լսվում Աստծո խոսքերը: Իսկ մարդկային անտարբերությունը, որ սովորաբար ամենախորն է խոցում, քո պարիսպներից ներս այնքան չնչին է  դառնում ու անինաստ: Չկա ավելի գեղեցիկ գիշեր, քան այն մեկը քո սառը պատերի մեջ և Որոտանի` երբեք չվերջացող պատմությունների ներքո: Իսկ առավոտյան դու բացվեցիր իմ առաջ քո ամբողջ թարմությամբ, թեև մի փոքր մռայլ:

05.06.2012

ԱՂՈԹՔ, ԱՂՈԹՔ, ԱՂՈԹՔ...


Այն, ինչ կներկայացնեմ, իմ սուբյեկտիվ տպավորություններն են, սակայն վստահ եմ, որ ուխտագնացության բոլոր մասնակիցներն էլ ապրել են այդ:
Սկսեմ ճանապարհից: Կյանքումս երբեք այդպիսի ճանապարհ չէի գնացել: Մթնոլորտը տոգորված էր աղոթքներով և շարականներով, աննկարագրելի ջերմությամբ ու հավատով: Անվերջ տեղացող աղոթքները ապացույցն էին այն բանի, որ բոլորիս սրտում կա հավատ, հավատ, որ առաջնորդում է դեպի աշխարհի, մարդկանց փրկությունը: 
Ճանապարհին կանգ առանք Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Աղոթեցինք: Աղոթքների մեջ մեզ առաջնորդում էին, իհարկե, Տեր Հուսիկն ու Վարազդատ սարկավագը: Նրանք էին, որ օգնեցին ուխտներս սրտերում հասնել մինչև Տաթևի վանք: Նրանց աղոթքներով եկեղեցին ասես մի պահ լցվեց անասելի ջերմությամբ: Մեր աղոթքներում միաձայն հայցում էինք Աստծուն, որ ի կատար ածվեն բոլորիս ուխտները, որ մարդիկ հավատով ու սիրով լցվեն միմյանց նկատմամբ, որ սերը լինի մարդկային հարաբերությունների հիմքը և սկիզբը: Այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Տաթև: Որքան էլ ճանապարհը երկար էր, այն զարմանալիորեն չէր հոգնեցնում մեզ, քանի որ յուրաքանչյուրս լցված էինք մի անասելի ավյունով, որը, վստահ եմ, արդյունքն էր մեր աղոթքների: