05.06.2012

ԱՂՈԹՔ, ԱՂՈԹՔ, ԱՂՈԹՔ...


Այն, ինչ կներկայացնեմ, իմ սուբյեկտիվ տպավորություններն են, սակայն վստահ եմ, որ ուխտագնացության բոլոր մասնակիցներն էլ ապրել են այդ:
Սկսեմ ճանապարհից: Կյանքումս երբեք այդպիսի ճանապարհ չէի գնացել: Մթնոլորտը տոգորված էր աղոթքներով և շարականներով, աննկարագրելի ջերմությամբ ու հավատով: Անվերջ տեղացող աղոթքները ապացույցն էին այն բանի, որ բոլորիս սրտում կա հավատ, հավատ, որ առաջնորդում է դեպի աշխարհի, մարդկանց փրկությունը: 
Ճանապարհին կանգ առանք Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Աղոթեցինք: Աղոթքների մեջ մեզ առաջնորդում էին, իհարկե, Տեր Հուսիկն ու Վարազդատ սարկավագը: Նրանք էին, որ օգնեցին ուխտներս սրտերում հասնել մինչև Տաթևի վանք: Նրանց աղոթքներով եկեղեցին ասես մի պահ լցվեց անասելի ջերմությամբ: Մեր աղոթքներում միաձայն հայցում էինք Աստծուն, որ ի կատար ածվեն բոլորիս ուխտները, որ մարդիկ հավատով ու սիրով լցվեն միմյանց նկատմամբ, որ սերը լինի մարդկային հարաբերությունների հիմքը և սկիզբը: Այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Տաթև: Որքան էլ ճանապարհը երկար էր, այն զարմանալիորեն չէր հոգնեցնում մեզ, քանի որ յուրաքանչյուրս լցված էինք մի անասելի ավյունով, որը, վստահ եմ, արդյունքն էր մեր աղոթքների:
 
Վերջապես հասանք հինավորց վանք: Ժամանակը քիչ էր, և բոլորս շտապում էինք րոպե առաջ հասնել. առջևում երեկոյան ժամերգությունն էր: Հասնելուն պես սկսվեց ժամերգությունը: Մեզ ոչինչ չխանգարեց, երկար ճանապարհի փոքրիկ հոգնությունը անմիջապես հօդս ցնդեց, եկեղեցուն հասնելուն պես մոռացվեց ամեն ինչ, և մեր մտքերում միայն ժամերգությունն էր: Այնտեղ մեզ դիմավորեց և տեր Հուսիկի հետ ժամերգությունն անցկացրեց հայր Սուրբը` հայր Միքայելը, մարդ, ում անսահման բարությամբ, հավատով և աղոթքներով լցված էր ամբողջ վանքը: Ժամերգությունը վերջնականապես օգնեց մեզ վերականգնվել: Ժամերգությունից հետո մի փոքր շրջեցի Տաթևի հրաշագեղ վանքի շրջակայքում, փորձեցի ի մի բերել ներաշխարհումս կուտակված հույզերը: Առջևում գիշերային ժամերգությունն էր: Մինչ ժամերգության սկսվելը Տեր Հուսիկի և Վարազդատ սարկավագի հետ եկեղեցում Աստվածաշունչ ընթերցեցինք, ապա ազատ զրույց ունեցանք: Զրույցն ինձ շատ բան տվեց: Ես հասկացա, որ Սերն է այս աշխարհի միակ փրկությունը, Սերն է մարդկանց միակ փրկությունը. մարդիկ պետք է սիրեն միմյանց, պետք է ամեն ինչի հիմքում միայն Սերը լինի: Միայն այդպես մենք կմոտենանք Աստծուն: Չէ՞ որ Հիսուսը սիրեց մարդկանց, իսպառ սիրեց: Այնուհետև սկսվեց ժամերգությունը, որն ինձ համար ամենատպավորիչներից էր: Եկեղեցու ցուրտը պատել էր մեզ, բայց մեր հոգիները լցված էին անսահման ջերմությամբ, որը մեզ պարգևում էին աղոթքները: Մենք աղոթում էինք ի խորոց սրտի, աղոթում էինք մոռացած ամեն ինչ: Մեզ բոլորիս մի բան էր համախմբել այդտեղ, այդ ժամին, միասին` հավատն առ Աստված: Ժամերգությունը բավական ուշ ավարտվեց: Գիշերվա խավարն անտեսելով՝ մենք քայլեցինք դեպի Տաթև գյուղում գտնվող այն տունը, որտեղ պետք է անցկացնեինք գիշերը:

Նախորդ` բավականին ծանրաբեռնված օրը չխանգարեց, որ մենք առավոտյան առույգ ու պատրաստակամ արթնանաք և ճանապարհվենք վանք: Սկսվեց առավոտյան ժամերգությունը. նորից աղոթք: Ժամերգության ավարտից հետո փոքր-ինչ շրջեցինք վանքի տարածքում՝ ամբողջացրեցինք մեր տպավորությունները գեղատեսիլ այդ մենաստանի վերաբերյալ: Այնուհետև ականատես եղանանք, թե ինչպես է Տեր Հուսիկը պատրաստում Սուրբ Հաղորդության նշխարը: Շատ հետաքրքիր էր:

Սկսվեց Հոգեգալստյան պատարագը: Պատարագն աննկարագրելի էր: Երբեք այդպիսի զգացումներ չէի ունեցել: Խորանի առաջ կանգնած՝ միայն մի բան էի զգում ու միայն մի բանով էի շնչում` աղոթք, աղոթք, աղոթք: Ամեն ինչ ուրիշ էր, ամեն ինչ այլ կերպ էր այդ օրը: Ես զգացի, ապրեցի Պատարագը: Հաղորդվել Քրիստոսին…  Այդ անբացատրելի զգացումը մինչև հիմա ինձ հետ է: Ես հասկացա, որ այդ պահին իսկ ուխտագնացությունը շատ բան փոխեց իմ կյանքում, իմ գիտակցության մեջ, իմ հոգում:
Պատարագից հետո շրջեցինք, բայց գլխումս Պատարագն էր, աղոթքները: Ընդհանրապես վանքի շուրջ սփռված անսահման բարությունը լուսավորում էր ամեն ինչ:
Երեկոյան՝ ետդարձից առաջ, դարձյալ աղոթում էինք. Տաթևի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էինք՝ բոլորս ծնկած: «ՏԷր ողորմեան» մինչև հիմա ականջներումս է:
-   Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել,- հորդորց Հայր Միքայելը: Ճանապարհից առաջ ասած նրա խոսքերը ետդարձի ողջ ընթացքում մտքումս էին: Նրա ամեն խոսքը մի ամբողջություն էր` լեցուն իմաստությամբ ու բարությամբ:

Հետաքրքիր էր ետդարձը: Դարձյալ զրուցում էինք: Մեքենայի մեջ մեր փոքրիկ խմբին միացած Կարապետ անունով մի վանականի հետ զրույցը ևս շատ հոգևոր ու ուսուցողական եղավ. կային բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ես ստացա այդ օրը:

-   Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել,- հորդորել էր Հայր Միքայելը:

Այդպես էլ կանեմ…
Անահիտ Մարտիրոսյան

2 комментария:

  1. Анонимный25.08.2012, 17:11

    -Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել: Այս խոսքերը շատ խորհին դիպչեցին իմ սրտին: Ես իմ կյանքւմ կորցրել եմ, և հետո խորհելով հասկացել եմ, որ հենց ես եմ դրանում մեղաոր: Յուրաքանչյուրս պետք է կարողանաք պահել պահպանել այն, ինչ գտել ենք, ինչ ունենք, և դա մեր ճշմարիտ քայլերով ր արարքներով պետք է պահենք պահպանենք: Շատ շնորակալ եմ ձեր գեղեցիկ հոդվածի համար: Երանի թե ես այդ օրը ձեր բելերի հետ լինեի: Աստված օրհնի բոլորիտ:

    ОтветитьУдалить
  2. Анонимный25.08.2012, 17:13

    -Այն, ինչ ստացաք, աշխատեք երբեք չկորցնել: Այս խոսքերը շատ խորհին դիպչեցին իմ սրտին: Ես իմ կյանքւմ կորցրել եմ, և հետո խորհելով հասկացել եմ, որ հենց ես եմ դրանում մեղաոր: Յուրաքանչյուրս պետք է կարողանաք պահել պահպանել այն, ինչ գտել ենք, ինչ ունենք, և դա մեր ճշմարիտ քայլերով ր արարքներով պետք է պահենք պահպանենք: Շատ շնորակալ եմ ձեր գեղեցիկ հոդվածի համար: Երանի թե ես այդ օրը ձեր բելերի հետ լինեի: Աստված օրհնի բոլորիտ:

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: