30.05.2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎՈՒՄ

 Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։
Հովհ. 14:17

Ե ՞րբ պիտի գտնեմ Քեզ:  Մենք Քեզ կորցնում ենք… անվերջ կորցնում... կորցնում աղմուկի մեջ... մեր  մտքերի վազքի մեջ… մեր խոսքերի անիմաստության մեջ… մեր կամքի հիմարության մեջ…մենք Քեզ կորցնում ենք...
Ե ՞րբ պիտի գտնես ինձ… թեկուզ և բռնությամբ Քեզ մոտ բերես…
Շենուդա հայրապետի խոսքերը հիշեցի…«Եկ և ինձ մի սպասիր, որպեսզի չլինի թե Դու սպասես, և ես չգամ…»: Քեզ գտա Տաթևում: Կրկին գտա Քեզ:  Չգիտեմ որտեղ էի կորցրել, բայց գտա… երևի ես ինձնից Քեզ թաքցնում էի.. ավելի շուտ ինձ էի թաքցնում Քեզնից… Քեզ կրկին գտա: Ինչքան էի կարոտել Քեզ: Ես ոչինչ չարեցի.. Դու եկար ինձ մոտ…

Մեքենան ընթանում է: Տաթև ենք գնում… միայն դա գիտենք: Յուրաքանչյուրս գնում էինք գտնելու այն ինչ կորցրել է:  Ես միշտ շտապում եմ գտնել Քեզ… ցանկանում եմ Քեզ գտնել այնտեղ, որտեղ ինքս եմ ուզում… գտնել այն պահին, երբ ինքս եմ կամենում: Հետո հասկացա, որ երևի պետք էր պատրաստվել Քեզ դիմավորելու: Ու Դու կգաս…. Ո ՞վ է կարող Քո գալստյանը պատրաստ լինել:  Բայց Դու գալիս էս:  Սաղմոսներն են հնչում… հետո աղոթքներ: Լո՜յս, արարի՛չ լուսոյ, առաջին լոյս. բնակեա՛լդ ի լոյս յանմատոյց…
Եղբայրական խնջույքն էր: Ինչքան լավ է, որ դու ծնվել էս… Պարզությունն ու մաքրությունը աշխարներ արժեն: Հիմա հասկանում եմ, թե ինչու Տերը հասարակ ձկնորսների ընտրեց աշխարհը փոխելու համար: Նրան սրտեր են հարկավոր: Ոչ թե զորքեր, զենքեր, գումարներ… այլ սրտեր.. պարզ մարդկային սրտեր… Եթե կորցնես քո սիրտը, Նրա համար պիտանի չէս: Սիրելիների ուրախությունն ու պարը լցրել էին ձորը: Գետակը խշշում էր: Չգիտես էլ ինքն էլ էր երգում, թե գետակն այդպես է լռում: Ամեն տեղ լռություն է. անգամ ծառերի մեջ, գետի ալիքների մեջ, կիսաքանդ կամրջում… Այդ լռության մեջ Քո ներկայությունն է: Դու այդտեղ ներկա էիր…
Տաթևն է … երևի Երկինքն այդ սրբազան վայրերին մոտ է: Հարցը ժայռի բարձրության մեջ չէ, այլ այնտեղ բնակվող սրտերի: Այդ սրտերն աշխարհից բարձր են: Բարձր են աշխարհից, որ ոչինչ չարժե: Որին ձգտում ենք.  Ձգտում` վերցնելու ամեն բան, բայց այդ աշխարհում ամեն բան  կորցնում ենք: Կորցնում ենք ինքներս մեզ… Կորցնում ենք ամենակարևորը` Քեզ…
Կիսախավար տաճարն է… պատերի որմնանկարները վաղուց արդեն չկան, բայց փոխարենը ամեն տեղ աղոթքն է մնացել:  Որքան լուսավոր է Քո խավարը: Այդ խավարի մեջ կորում է աշխարհը, ու այդ խավարի մեջ Լուսավորում է Հոգիդ: Երևի եկեղեցու խավարն առավել լուսավոր էր քան աշխարհի բյուրավոր արեգակները: Քանի որ այդտեղ Դու էիր… ու այդտեղ Քեզ սպասող սրտեր են… Քո ներկայությունը տենչող աղոթքները… Քո ու մեր սրտերի հանդիպումից ավելի լուսավոր ոչինչ չկա…
Հնչում է լուռ աղոթքը… Փառք քեզ, Աստուած, փառք քեզ. յաղագս ամենայնի Տէր, փառք քեզ:.  Լուռ աղոթում եմ. Քեզ եմ սպասում… Դու միշտ կանգնած նայում էս մեզ: Զարմանում էի, թե ինչու  միանգամից չէս գալիս, բայց Դու նայում էս : Դու ներկա էս: Գալիս էս այն պահին, երբ մենք պատրաստ կլինենք, այն պահին, երբ իրականում պետք է, որ գաս… Բայց Դու միշտ ներկա էս…
Ընկալ քաղցրությամբ Տեր Աստված հզոր… Բոլորն աղոթում են: Հայր Սուրբն էլ էր աղոթում… Երանի նրանց, որ սրտով մաքուր են: Եթե չդառնանք ու չլինենք այդ փոքրիկների նման… Երբեք նման բարի աչքեր չեմ տեսել… Մարմնի լույսը աչքն է… Եթե Դու մեր մեջ էս,  Դու էս  ճառագում աչքերից… Լոյս տուր աչաց սրտից մերոց. Ի գիշերաց առ քեզ կանխել Ընդ հրեղինաց օրհնաբանել….  Մ՞ի թե մենք էլ կարող ենք լույս լինել: Դու մեզ հենց դրան էլ կոչեցիր Դուք էք աշխարհի լույսը…
Անդադար սաղմոսներն են… Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ իւրմէ… Երբեք չէի զգացել դրանց քաղցրությունն այդքան: Դու գալիս ես…. Դու ներկա էս… Քո Հոգին է ամեն տեղ գործում… ինչպես , որ առաջին օրն էր շրջում ջրերի վրա… Տերը ներկա է… Դու միայն սրտեր էս ուզում… լուսավոր ու պարզ սրտեր…սրտեր, որ  Քեզ են փնտրում…Որ Քեզ են սպասում… Քո Խաղաղությանն ենք սպասում… Խաղաղությունն ու լռությունը երբեմն մեզ երկար պատերազմից հետո հանկարծակի են տրվում, ու մեզ համար ամենադժվարը դա պահելն է դառնում.. երբեմն նաև պատերազմով պահելը... Հետաքրքիր է.  Քո Խաղաղությունը միայն պատերազմով կարելի է պահել…. Դրա համար երևի ասեցիր, «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք»:
Քո Մարմինն ու Արյունն են Պատարագվում… Տերը ներկա է: Արցունքները հոսում են: Տերը ներկա է: Դու փայլատակեցիր: Տարածեցիր Քո անուշահոտությունը, ես ներշնչեցի և շնչահեղձ եմ լինում առանց Քեզ… «Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած. հոգիս ծարաւ է քեզ, Աստուած հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծու առաջ»։ Արցունքները լուռ հոսում են…
«Տեր ողորմեան» է հնչում: Հետո լռությունն է` լուռ լռությունը… աղոթքը շարունակվում է լռության մեջ….  Դու լսում էս մեր լռությունը…Դու խոսում էս լռության մեջ…
Որքան մոտենում եմ դարպասներին այնքան հասկանում եմ, որ արդեն գնում ենք…դարպասներից այն կողմ այլ աշխարհ է: Այդտեղ խաղաղություն չկա, այդտեղ խաղաղություն չենք ունենա… Դու էլ ասացիր, որ այնտեղ նեղություն կունենանք… Մի պահ կանգ առա.. Նայեցի Տաթևին.. կարծես այնտեղ Քեզ էի թողնում… Հետո հասկացա, որ պետք էր դուրս գալ… Անցնել դարպասը ու Քեզ տանել ինձ հետ…. Տանել Քեզ.. Տանել Սաղմոսները… Տանել Քո ներկայությունը փափագող արցունքների քաղցրությունը… Տանել մանկական պարզության աչքերի հայացքը… Ու պահպանել դրանք.. պահպանել պատերազմով… Որքան էի կարոտել Քեզ…
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի։ Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց։ Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի»։
Հովհ. 16:20-22

Էդգար Աղաբեկյան
27.05.12

1 комментарий:

  1. Анонимный29.01.2013, 00:17

    Իսկապես տպավորությունն անջնջելի է , անբացատրելի … Ամեն ուխտավոր զգում է այդ ամենը , սակայն ոչ միշտ է կարողանում արտահայտել : Ըստ իս յուրաքանչյուր հայ պետք է գոնե մեկ անգամ լինի Տաթևում որպես ուխտավոր , քանզի Տաթևը , ինչպես Խոր Վիրապն ու Էջմիածինը ողջ քրիստոնյա աշխարհի այն սուրբ տեղերն են , որտեղից ծագել է քրիստոնեության լույսը , գրվել մագաղաթներն ու մատյանները , պահպանվել է հայ ազգային դիմագիծը ...
    Սախկալդութանի զանգակատան, Տաթևի վանքի ամենագեղեցիկ դիտակետի սյուների արանքից բացվում է մի գեղեցիկ և վեհ տեսարան . թվում է` թև ես առնում ,ճեղքում սյուներն ու թռչում դեպի այն սրբազան թերակղզին ,որը կոչվում է ՏԱ ԹԵՎ...կարծես Հարանց անապատի և Տաթևի մեծ անապատի , Հարսնաձորի ժայռերից էլ ավելի ես վեր խոյանում և մեկ ակնթարթում հասնում ՏԱ~ԹԵՎ ` ՍՐԲԱԶԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ ... մտնելով վանք ` ակամայից մի անբացատրելի զգացում ես ապրում .անցնում ես միջնադարյան դպրոցի, ,սաների սենյակների , գրատան ու նկարչատան , սեղանատան ու մատաղատան , համալսարանի ու մատենադարանի և վերջապես մեր եռամեծար վարդապետի , փիլիսոփայի և աստվածաբանի , Հայ առաքելական եկեղեցու վերջին ՍՈՒՐԲԻ `ՄԵԾՆ ՏԱԹԵՎԱՑՈՒ սենյակով, մի պահ կանգ ես առնում , մի տեսակ ներքին հպարտություն ապրում, որ հայ ես `առավել ևս քրիոստոնյա : Ներկան ու անցյալը , ազգիդ դառը ճակատագիրն ու պատմությունը` սկսած վաղ միջնադարից , իրար հաջորդելով ինչպես մի կինոնկարի ժապավեն ասես անցնում են աչքերիդ առջևով … Հայրապետական գավազանի տակ կանգնած , հայացքդ հառնում է դեպի վեր ` սյան գլխին կանգնեցրած ուրարտական խաչը , խաչակնքվում ես ևս մեկ անգամ ու մտնում Պողոս Պետրոս մայր եկեղեցի` քո աղոթքն էլ միախառնելու Հայր Միքայելի աղոթքին առ Աստված, խնդրելու Աստծուց ուխտդ սուրբի բարեխոսությամբ և օրհնություն ստացած Հայր Սուրբից թեթևացած հոգով , լցված խաղաղությամբ խաչակնքվում ես , դուրս գալիս հանգստանալու և ինչու չէ մի փոքր հովանալու ճշմարտության գաղափարի և ազատության ջահակրի` Խրիմյան Հայրիկի տնկած տանձենու տակ . մտածում ես` մշտավառ մոմերի հետ քո աղոթքն էլ վեր է բարձրանում , դեպի երկինք … անշուշտ տեսնում է մեծն Տաթևացին իր վարդաբույր դամաբարանի վրա ծնկաչոք աղոթող յուրաքանչյուր ուխտավորի ,լսում ամեն մի անկեղծ խնդրանք և ի կատար ածում …

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: