01.11.2012

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾԵՐ ԿԱՏԱՐԵՑԵՔ


Երևանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաքի բարձունքում վեր խոյացած Էլարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին յուրաքանչյուր կիրակի իր շուրջն է համախումբում Հայ առաքելական եկեղեցու Մանանա ծրագրի երիտասարդներին:
«Մանանայի» շրջանակներում եկեղեցիներին կից սրահներում շաբաթը մեկ անգամ  կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ հոգևորականների և երիտասարդների միջև:
Այս կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, աբովյանցիները հյուրընկալել էին Երևանի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում գործող  Մանանա ծրագրի երիտասարդներին և միասին քննարկում էին Ապաշխարության խորհուրդը:
Եկեղեցուն կից փոքրիկ սրահում հավաքված մոտ 25 երիտասարդների ջերմ հայացքներն ու բարի մթնոլորտը մոռացնել էր տվել դեպի ձմեռը ձգվող աշնանային սառը և անհյուրընկալ օդը:
Կողք կողքի նստած քրիստոնյա երտասարդների հայացքներն ուղղված էին օրվա բանախոսին` բարեշնորհ Ժորա սարկավագ Սարգսյանին:

Զրույցի ընթացքում  Ժորա սարկավագը նշեց, որ ապաշխարել բառը ծագում է «աշխարել» բառից որ նշանակում է լացել, կոծել սեփական մեղքերի համար: Այս խորհուրդը որոշակի հանգրվանի վրա մարդու և Աստծո հանդիպումն է, որով մարդը ազատվում է նախկինում գործած մեղքերից՝ վերահաստատվելով աստվածային շնորհի մեջ:     
Ժորա Սարկավագը ցավով անդրադարձավ, որ ներկայիս դարաշրջանն առավել վտանգավոր է մարդու ոգու համար:  Այս ճշմարտության գիտակցումը զգաստության կոչ է բոլորին` ճշմարիտ ու կատարյալ կյանքով ապրելու համար: Խորթ և անիրական չպետք է թվա կատարյալ կյանքով ապրելու մարդու կարողությունը, քանզի ինչպես Սուրբ Գրիգոր Նյուսացին է ասել` «Կատարյալ կյանքն այն կյանքն է, որի առաջընթացը դեպի կատարելություն չի սահմանափակվում ոչ մի սահմանով»:


Մարդը փորձում է հնարավորին չափ քիչ զգալ մեղքի գիտակցությունը, որպեսզի հեշտ  ու հանգիստ կյանքով ապրի` առանց խղճի խայթ զգալու: Ոմանք մտածում են նաև, որ սեփական մեղքը խորը գիտակցող և զղջում ապրող մարդը հոգեպես թույլ էակ է : Մինչդեռ ճշմարիտ զղջումն իրականում հոգևոր սխրանք է, որի գրավականը արցունքոտ աչքերը չեն, ցավ ապրող հոգու բղավումը չէ` անհաջողությունից ազատվելու համար. գլխավոր մղումը պետք է լինի մեղքի ամոթը, թողություն ստանալու անհագ ծարավը: Այն մարդուն` որպես զղջացողի, Աստծո առջև պետք է տանի ու ծնկի բերի, խոստովանեցնի… Հուդայի զղջումը վերջինիս Հիսուսի մոտ չտարավ, մինչդեռ անառակ որդու իրական զղջումը նրան  հոր մոտ բերեց… Ճշմարիտ զղջումը միակ դուռն է, որը մարդուն տանում է դեպի ապաշխարություն:           
Բանախոսի խոսքով ապաշխարությունն իր խորքում հաշտության երկար ճանապարհ է. այն սկսվում է մարդու հոգևոր ամբողջ աշխարհի կենտրոնից` սրտից: Երբ մարդը մեղք է գործում, նրա հոգում պայքար է սկսվում  մարդու մեջ Աստծո յուրահատուկ ներկայության` խղճի և մտքի միջև: Խիղճն արդարությունը ջրի երես է հանում, միտքը փորձում է հերքել այն, արդարեցնել գործված մեղքը: Հոգևոր այս պայքարը իմաստուններից մեկը նմանեցնում է երկու գայլերի պայքարին` չար և բարի: Հաղթում է այն գայլը, որին մարդը կերակրում է: Սեփական անձի մեջ խաղաղություն գտնելուց հետո հաշտությունը տարածվում է շրջապատի վրա, օրինակ այն անձի վրա, ում նկատմամբ մարդը չարիք է գործել: Եվ այս ամենից հետո, ի վերջո,  մեղասգործը հաշտվում է Աստծո հետ` ավերելով իր և Տիրոջ միջև կառուցած մեղքի պատը:

Ճշմարիտ զղջման տրամաբանական շարունակությունը խոստովանությունն է` ընդհանրական և անհատական, առանց որի ապաշխարությունը կատարյալ չի կարող լինել:  Եսայի մարգարեն ասում է. «Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43:26), իսկ Հակոբոս առաքյալն ասում է` «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք…» (Հակոբոս 5:16): Մարդ էակն անընդհատ հարազատ միջավայր է փնտրում` իր հոգու ցավը կիսելու, թեթևացնելու համար: Սակայն այլ բան է, երբ սիրտդ ես բացում այդ միջավայրում և խոստովանում այն, ինչը քեզ տանջում է` ժամանակավոր թեթևություն ապրելով, և միանգամայն այլ բան է, երբ խոստովանում ես մեղքերդ և թողություն ստանում` ամբողջովին ցամաքեցնելով ցավի աղբյուրը:  Հիսուս Քրիստոս յուրահատուկ իշխանություն տվեց առաքյալներին` ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20:23), «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում»: Այս իշխանության կրողը եկեղեցին է և մեղքերի թողություն Սուրբ Երրորդության անվամբ կարող է տալ նա միայն, ում առաքյալներն են փոխանցել Հիսուսի շնորհած իշխանությունը:

«Ապաշխարության արժանի գործե՛ր կատարեցեք»,- ասվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 3:8):  Մեղքը հատուցում է պահանջում և մեղսագործը պատրաստակամ պետք է լինի այն գործերով հատուցելու: Այդ պատրաստակամությունն էլ այն երաշխիքն է , որ մեղանչողն իսկապես զղջում է ապրել և ցանկանում է ազատվել իր արարքներից:
Քարոզն ամփոփվեց հետևյալ խոսքերով. «Այսպիսով ապաշխարությունը, մարդու կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը լինելով, այն շրջադարձն է, որի ընթացքում մարդը նորովի է խորհում` ինչպիսին է Տերը ստեղծել կյանքը և ինչպիսին է ինքը դարձրել այն: Այն մեղքն ընդմիշտ հետևում թողնելու վճռական որոշումն է. ոչ թե ետ նայել ափսոսանքով, այլ ավելի շատ առաջ նայել հույսով»:
Գոհարիկ Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: