12.11.2012

Ի՞նչ է տալիս «Մանանա» ծրագիրը հայ երիտասարդին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը Հրեշտակապետաց տոնը հռչակեց «Մանանայի օր»: Տոնին ընդառաջ երեկ` «Մանանայի» անդամների մասնակցությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն` Զվարթնոց տաճարից դեպի Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ: Մեզ հետ զրույցում Ավանի «Մանանա» ծրագրի համակարգող Արթուր սարկավագ Արամյանը նշեց, որ ուխտերթը նպաստել է երիտասարդների հավատքի ամրապնդմանը եւ հնարավորություն ընձեռել նոր երիտասարդների ներգրավել դեպի եկեղեցի. «Մանանայի» դասերը հայ երիտասարդին հնարավորություն են տալիս ծանոթանալ հայ եկեղեցու դավանանքին, ծեսերին և առհասարակ` այն ամենին, ինչը կապված է հավատքի հետ: Կարեւոր է այն հանգամանքը, որ հանդիպումները անցկացվում ոչ որպես դաս, այլ` որպես զրույց, որի ընթացքում ցանկացած մեկը կարող է արտահայտվել եւ ներկայացնել իր կարծիքը»:
ԵՊՀ ուսանող, Նորքի «Մանանա» ծրագրի անդամ Մարիամ Մարիկյանն ասում է, որ «Մանանա» ծրագիրը տվել է այն, ինչը չի կարողացել տալ աշխարհիկ կյանքը. «Դա հոգեւոր սնունդն է` մանանան, որն Աստված ուղարկեց իր ժողովրդին եւ որը հիմա մեզ է փոխանցվում եկեղեցու միջոցով: Ծրագրի դերն այնքանով է կարեւոր, որ օգնում է երիտասարդներին ինտեգրվել ոչ միայն այդ ծրագրին, այլեւ դառնալ հայ Առաքելական եկեղեցու անդամ: Մասնակիցներն առավել տեղեկացված են դառնում եկեղեցուց, դրա կառուցվածքից եւ խորհուրդներից: Ծրագրին միանալով` երիտասարդները իրազեկ են դառնում հոգեւորականների գործունեության մասին»:

Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանայի» անդամ, իտալերենի մասնագետ Կարինա Բաղդասարյանը պատմեց, որ կյանքի մեծ մասն ապրելով այլ երկրներում` 2011թ-ին վերադարձել է Հայաստան եւ միացել «Մանանային». «Եկեղեցուն առավել մոտ գտնվելով` ինձ երջանիկ եմ զգում, քանի որ երկեղեցին փոխեց կյանքս: Ծրագիրը հատկապես կարեւոր է նրանով, որ կարողանում է համախմբել հայ երիտասարդներին, ստեղծել մեծ ընտանիք եւ օգնել հեռու մնալ աղանդավորական կառույցներից»:

Աբովյանի սուրբ Ստեփանոս եկեղեցու երիտասարդաց միության անդամ Անուշ Առաքելյանը «Մանանայի» միջոցով մասնակցել է եկեղեցական տարբեր միջոցառումների, մինչդեռ նախկինում չէր մասնակցում Պատարագի. «Բացի այդ, ծրագրի շրջանակում կազմակերպվող քննարկումների շնորհիվ խնդիրները սկսեցի դիտարկել տարբեր տեսանկյուններից, քանի որ հոգեւորականները գտնում են մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Եղել են անգամ սուր քննարկումներ»: Անուշը հավելեց, որ ծրագրի ընթացքում հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է դարձել այլ կրոնական կառույցների մի քանի ներկայացուցիչ:

Պատրաստեց Լուիզա Սուքիասյանը

Աղբյուրը և Ֆոտոռեպորտաժը կարող եք դիտել այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: