15.11.2012

ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ, ԱՅԼ ՀԱՎԱՏԱ


«Առաւոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա...»
Սուրբ Գայանե վանքի «Մանանան» գնում է Աստծո հետ հանդիպման` դեպի Մաստարա։ Ծարավ ենք սրտով և Աստծո ներկայությունը ավելի ուժեղ զգալու ցանկությամբ:
Ամբողջ ճանապարհին կարդում ենք սաղմոսներ, երգում հոգևոր երգեր, աղոթում, ավելի ջերմ զգում արդեն հարազատ դարձած մարդկանց և ավելի ուժեղ զգում այն մարդկանց բացակայությունը, ում հետ արդեն ընտանիք ենք դարձել ի շնորհիվ Մանանայի:
Մաստարայի Սուրբ Հովհաննես վանքը, որը ավելի քան 16  դար միավորել է քրիստոնիաներին, միավորում է նաև մեզ:
Աննկարագրելի է մեր հուզմունքն ու ուրախությունը, երբ խորանին ենք տեսնում ոչ միայն հոգևորականներին, այլև մեր աշխարհական եղբայրներին, շատ պարտավորեցնող է, երբ Սուրբ Պատարագի երգեցողությունը ստանձնում են երգի մեջ ոչ այնքան վարժ աղջիկները։ Միևնույն ժամանակ Աստծո Սուրբ Սեղանի առջև ծառայելով քեզ լույսի մի կաթիլ ես զգում Տիրոջ Տաճարում։ Մեծ երջանկություն է տեսնել Աստծո Լույսը մարդկանց մեջ և զգալ կարիքը Լույսի մասը դառնալու: Միայն ներկա գտբվողը գիտի, թե որքան դժվար է նկարագրել այն զգացողությունը, որ ունենում ես Պատարագի ընթացքում և հատկապես Սուրբ Հաղորդություն՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը ստանալիս: Մաքրություն ու խաղաղությունն էր, որ մենք զգում էինք Մաստարայի հինավուրց և աղոթական պատերի ներքո: Հավատն ու սերն էր փոխարինել մեր մեջ եղած վախին ու թերահավատությանը:


Օրվա երկրորդ կեսն է։ Երիտասարդներիս համար քրիստոնյայի վառ օրինակ եղավ Սերիկ տատիկը, ով բոլորիս հյուրընկալեց իր տանը՝ փոքր-ինչ հանգստանալու և ճաշելու համար: Ամեն լավ և առաքինի գործ շնորհակալության և գնահատանքի է արժանի, ուստիև մեր երգերով ու կենացներով գովերգում ենք առատ սեղանը և տան տերերի ջերմ ընդունելությունը, որից հետո հոգևորականները Տնօրհնեքի գեղեցիկ արարողությամբ օրհնում են տատիկի տունը: Օրվա ավարտին այցելում ենք Սերիկ տատիկի հայրենի գյուղի՝ Ներքին Սասունաշենի խոնարհված մատուռ. մեր միասնական աղոթքը խնկի նման այստեղից բարձրանում է առ Աստված:

Լավագույնը դեռ առջևում է. մեր ուխտը ամբողջական դարձավ մեր խմբին առաջին անգամ միացած Անիի մկրտությամբ:
Քրիստոսի «ժառանգակիցը» դառնալու և նրանով պաշտպանված լինելու անհագ ցանկությունը բորբոքեց մեր նորեկ ընկերոջը համառորեն գնալ դեպի Մկրտություն և Աստծո նախախնամությամբ նա Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մկրտվեց հենց այդ օրը՝ Ստանալով Սուրբ Կույս Մարիանեի անունը: Ցնծությունն էր մեզանից յուրաքանչյուրի սրտում մկրտության արարողակարգի ժամանակ՝ երեկոյան այդ ուշ ժամին։ Բոլորս աղոթում էինք: Աստծո օրհնությամբ ևս մեկ քրիստոնյա ավելացավ աշխարհում, և մենք ականատեսն եղանք այս հոգևոր ծնունդին:

Ետդարձի ճանապարհ. բոլորս երջանիկ ենք, վերացել է աշխարհի սերմանած վախն ու կասկածը, կա միայն հավատ, անսահման սեր մեկս մյուսի նկատմամբ և առ Աստված, ուզում ես օրը չավարտվի, ուզում ես դուրս գալ ավտոբուսից ու ամենքին ասել. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա» (Ղուկ. 8։50) և ամեն բան լավ կլինի։
Շնորհակալ ենք, Տե՛ր...
Աստղիկ Միրզոյան

Մարիաննա Հովհաննիսյան

2 комментария:

  1. Աղջիկներ էնքան սեր ու հուզում կար ,որ սիրտս լցվեց մեծ ջերմությամբ ,Շնորհակալ եմ...Աստված օրհնի ՁԵԶ

    ОтветитьУдалить
  2. ՈՒխտներդ ի կատար սիրելիներս, շնորհավորում եմ ու փառք տալիս Աստծուս, որ ևս մեկ քույրի պարգևևեց ինձ, քույրս ի Քրիստոս, շնորհավորում եմ քեզ: Սբ Մարիանեի բարեխոսությունը քեզ հետ լինի կյանքիդ ընթացքում:

    Տեր Հայր ջան վարձքդ կատար:

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: