28.11.2012

Ինչո՞ւ է անհրաժեշտ հոգեւորականի ներկայությունը բանակում. Պատասխանում է հոգեւորականը

Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է զինվորի կողքին և այդ նվիրական գործը շարունակում է նաև մեր օրերում: Հոգևորականի դերի, նշանակության և առաքելության մասին Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը երիտասարդների հետ զրուցեց բանակի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ասատրյանը: Նա նշեց, որ հոգևորականը մեծ դեր ու առաքելություն ունի զինված ուժերում, քանի որ բանակում ծառայում են մարդիկ, ովքեր ևս պահանջ ունեն հոգևոր սննդի, պահանջ ունեն լսելու Աստծո խոսքը, ճանաչելու Ավետարանը:
Բանակում հոգևոր ծառայողներին միջազգային տերմինով անվանում են կապելաններ: Այս բառի առաջացումը վերաբերում է 4-րդ դարին: Համաձայն ավանդության` մի անգամ Սուրբ Մարտինը` դեռ երիտասարդ զինվորական, տեսնում է փողոցում սառչած մի աղքատի: Ապագա սուրբը պատռում է իր զինվորական թիկնոցը (կապպուն) երկու մասի և մի մասը տալիս է աղքատին: Այդ նույն գիշեր աղքատը հայտնվում է Մարտինի երազում և ասում, որ ինքը Հիսուս Քրիստոսն է: Սուրբ Մարտինի այդ կապպուի մի մասը ֆրանսիական բանակում դառնում է երկրպագության առարկա: Հատուկ նրա համար ստեղծվում է եկեղեցի (շարժական եկեղեցի. հիմնականում պատերազմների ժամանակ, երբ հոգևորականները գնում էին զորքի հետ, նրանց համար պատարագ մատուցում և հաղորդություն տալիս, որից հետո էլ դուրս գալիս պատերազմի)` կապելա, իսկ այնտեղ ծառայող հոգևորականին սկսում են անվանել կապելանուս:

Այսօր կապելանների իրավական կարգավիճակն արձանագրված է ոչ միայն ներպետական, այլև միջազգային օրենսդրական ակտերում: ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում զինվորական հոգեւորականների ծառայությունը հաստատված է հատուկ օրենքով: Հայաստանում 2003թ. Մայր Աթոռի և Պաշտպանության նախարարության միջև կնքվեց պայմանագիր, որով հաստատվեց հոգևոր սպասավորների ինստիտուտի ստեղծումը ազգային բանակում, մշակվեց և ձևավորվեց կանոնադրություն, սակայն մենք քիչ փորձառություն ունենք եվրոպական երկրների համեմատությամբ, ուր այս կառույցը հարյուրամյակների պատմություն ունի: Այժմ ամեն ջանք գործադրվում է` վերջնականապես ձևավորված հաստատուն մի կառույց ունենալու համար:
Թեման ներկայացնելուց հետո բարեշնորհ սարկավագը սիրով պատասխանեց նաև երիտասարդների հարցերին:
Ինչո՞ւ է անհրաժեշտ հոգեւորականի ներկայությունը բանակում:
Պատասխանելով այս հարցին` բանախոսը նշեց, որ փաստացիորեն արձանագրվել են դեպքեր, երբ հոգևորականը կարողացել է կանխել ինքնասպանությունը, օգնել է զինվորներին, կարգավորել նրանց միջև ոչ կանոնադրային հարաբերությունները եւ այլն: Պատմությունը ևս ապացուցում է, որ մեծ է հոգևորականի անհրաժեշտությունը զինված ուժերում. շատ օրհասական դեպքերում նա կարողացել է լուծել տարբեր խնդիրներ` իր հեղինակության, քաջության շնորհիվ, ինչպես նաև օրինակ ծառայել սեփական վարքագծով:
Հովհաննես սարկավագը կարևորեց նաև հոգևորականի` հոգեբանորեն պատրաստված լինելը` օգնելու համար զինվորին, ով շատ դեպքերում հենց հոգեբանական օգնության կարիք ունի: Շատ կարևոր է հոգևորականի ներկայությունը, խոսքը, շփումը ծայրահեղ վիճակում հայտնված, հոգեպես ճնշված զինծառայողի հետ, ով «մի ուրիշ տեսակ ոգևորություն է ապրում` հասկանալով, որ ինքը դեռ գնահատված է, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն իր հետ զրուցելու, խորհուրդ տալու. նրանք սկսում են վստահել հոգեւորականին»:
Ո՞րն է բանակում հոգեւորականի նպատակը եւ առաքելությունը:
«Այսօր էլ մենք գտնվում ենք հարաբերական խաղաղության մեջ, գերխնդիր ունենք մեր ազգային ինքնությունը, տարածքները պահպանելու, և այս առումով կարևոր է զինվորներին հոգևոր սնունդ տալը, ռազմաշունչ, հայրենասիրական ոգի ներշնչելը, որպեսզի նա պատրաստ լինի ցանկացած պահի հանուն հայրենիքի մարտնչելու»,-ասում է բանախոսը:
Եվ փորձառու, իր պարտականությունները բարեխղճորեն կատարող հոգևորականը սեփական վարվելակերպով կարող է հեղինակություն, վստահություն, հարգանք ձեռք բերել իր նատմամբ, այնպես, որ ընդառաջ գնան իր խորհուրդներին, մտածեն իր առաջարկների մասին: Հաճախ տարբեր իրավիճակներում նրանից պահանջվում են էքստրեմալ, շտապ լուծումներ, որից կարող է կախված լինել զինվորականի կյանքը: «Նման իրավիճակները պահանջում են մեծ պատրաստվածություն, արագ ու ճիշտ որոշում կայացնելու ունակություն, եւ եթե հոգևորականը լավ կատարի իր առաքելությունը, վստահությամբ կարող ենք ասել, որ կնվազի շատ բացասական երևույթների թիվը»:
Իսկ մարտնչելը, զենքով պայքարելը չի՞ հակասում Աստվածաշնչյան պատգամներին:
Անդրադառնալով այս հարցին` բարեշնորհ սարկավագը նշեց, որ հոգեւորականը ոչ թե զինվորներին տրամադրում է ագրեսիվ գործողությունների, այլ զինում է գաղափարապես, բարձրացնում նրանց հայրենասիրական ոգին, որպեսզի պատրաստ լինեն կռվելու`գիտակցելով, թե հանուն ինչի պետք է պայքարել` հայրենիքի, ընտանիքի, սիրելի մարդկանց…:
«Մեր պատմիչներն ու մատենագրությունները վկայում են, որ հայ հոգևորականն ամեն պահի կանգնած է եղել հայոց բանակի կողքին եւ այսօր ավելի քան մեծ է նրա դերը զինված ուժերում, հատկապես մեր բանակում:
«Հոգևորականը պետք է ծառայի ազգային բանակում, զինվորների հետ մասնակցի ռազմական արշավներին, ուսումնամարզական հավաքներին: Զինվորը պետք է վստահի հոգեւորականին, իմանա, որ Հայ Եկեղեցին, հայ հոգևորականը միշտ իր կողքին են»,-ընդգծում է բանախոսը:

Մարիամ Ավետիսյան
Աղբյուրը` Aravot.am

Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: