03.12.2012

Հայ ընտանիքը եւ ամուսնալուծության խնդիրը` ըստ Եկեղեցու

«Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ»,-ասում է Ջ. Մաձինին:

«Մանանա» երիտասարդական ծրագրի շրջանակներում հերթական կիրակի օրը Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում զրույց ծավալվեց «Հայ ընտանիքը եւ ամուսնալուծության խնդիրը» թեմայով: Օրվա բանախոսն էր Սարգիս սարկավագ Գալամդարյանը, ով այժմ իր ծառայությունն է մատուցում ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում:
Ամուսնությունը մեր Եկեղեցու խորհուրդներից մեկն է եւ կոչվում է Սուրբ Պսակ: Ծննդոց Գիրքը պատմում է, որ Ադամը, բոլոր կենդանիներին անուններ տալով, չի գտնում իր նմանությամբ մեկին, ով կսփոփեր իր միայնությունը: Եվ Աստված քուն է բերում Ադամի վրա` նրա կողոսկրից ստեղծելով Եվային: «Ուրեմն, ընտանիքի ստեղծման առաջին պայմանը տարասեռությունն է, քանի որ Աստված չի արարում հենց Ադամ, այլ մեկին, ով նման էր նրան` որպես մարդ արարած, բայց եւ տարբերվում էր նրանից: Աստված կնոջը նաեւ կյանք պարգեւելու մեծագույն շնորհը տվեց, այդ իսկ պատճառով առաջին կինը կոչվեց Եվա` կյանք»:
Հոգեւորականի խոսքով` ընտանիքը պետք է կառուցել հոգեւոր, եւ ոչ նյութական արժեքների վրա: Ամուսնական միության մեջ պետք է լինի Աստծո ներկայությունը, Նրա օրհնությունը, քանի որ Տիրոջ օգնությամբ հնարավոր է հաղթահարել ամեն արգելք ու խոչընդոտ, ընտանեկան մշտավառ օջախ ստեղծել, որը ներքին, հոգեւոր ջերմություն կունենա: Իսկ երբ ամեն բան նյութական արժեքների վրա է հիմնված, բացակայում է հոգեւոր առանցքը, ընտանիքը նմանվում է եկեղեցու, ուր Տիրոջ ներկայությունը չկա, եւ այն հեշտությամբ կարող է կործանվել, քանի որ ամեն մի փոքր խնդիր կարող է բաժանման պատճառ դառնալ:

Կարեւորելով ընտանիքում երեխաների դաստիարակության խնդիրը` հոգեւորականը նշեց, որ այսօր մեր հասարակության մեջ մեծ ուշադրություն է դարձվում երեխային նյութապես ապահովելու խնդրին, մինչդեռ առավել կարեւոր` հոգեւոր եւ բարոյական հարցերը ետ են մղված: Փոքրիկն ընտանիքում պետք է քրիստոնեական դաստիարակություն ստանա: Ծնողների մեծագույն առաքելությունն է` երեխային փոխանցել լավը, օգնել` հասկանալու, տարբերելու չարն ու բարին, ընթանալու ճիշտ ճանապարհով:

Թեման ներկայացնելուց հետո բանախոսը սիրով պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին:

Ո՞ր դեպքերում է կարեւոր ծնողների համաձայնությունը, օրհնությունը, եւ ինչո՞ւ:

Բարեշնորհ սարկավագը նշեց, որ ծնողների համաձայնությունը եւ երեխաների ազատ կամքը պետք է փոխլրացնեն իրար:

Հաճախ ծնողները, ընտանիքի ստեղծման հարցում կարեւորելով միայն նյութական կողմը, կարող են դեմ լինել զուտ տղայի ֆինանսական վիճակից կամ մասնագիտությունից ելնելով: Այս դեպքում եկեղեցին կարող է օրհնել ամուսնացող զույգի միությունը: Սակայն կան դեպքեր, երբ զգացմունքները խանգարում են տղային կամ աղջկան` օբյեկտիվ տեսնելու իրականությունը, ճանաչելու այն մարդուն, ում հետ ամուսնանում են: Այս դեպքում արդեն մեծապես կարեւորվում է ծնողների համաձայնությունը:

«Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը` պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին»,-ասում է Սուրբ Գիրքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տողերը:

Նախ, այս խոսքը չի նշանակում մոռանալ ծնողներին, թողնել, անտեսել նրանց, այլ` որ երկուսի միությամբ նոր բջիջ է ստեղծվում, որ լինելու է առանձին, նոր ընտանիք, նոր միություն:

Կա մի բնական օրենք, որ կինը տղամարդուց ինչ-որ բան ունի իր մեջ, որը եւ փնտրելու է գնում տղամարդը: Այդ իսկ պատճառով Ավետարանում ասվում է, որ տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է գնա կնոջ հետեւից. նա հոգեւոր առումով ինչ-որ փնտրտուք ունի: Այստեղ սերն օգնում է հասկանալ` կինն «իր ոսկորից է, թե ոչ»…: Եվ հարկ է աղոթել, որ Աստված հանդիպեցնի այն կնոջը կամ տղամարդուն, որ մեզ համար լավ կին կամ ամուսին կլինի:

Բանախոսն ընդգծեց, որ տղամարդը եւ կինը թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես պետք է պատրաստ լինեն ամուսնական միությանը, կարողանան լիարժեքորեն պատկերացնել իրենց դերը, իրենց գործունեությունը ընտանիքում, պատրաստ լինեն դրան, քանի որ շատ դեպքերում ընտանիքը կարող է չստացվել ամուսինների` ընտանեկան կյանքին անպատրաստ լինելու պատճառով:

Ասում են, որ տղամարդը գլուխն է կնոջ. արդյո՞ք դա չի նվազեցնում կնոջ դերը:

Պողոս Առաքյալը տղամարդու եւ կնոջ միությունը համեմատում է Քրիստոսի եւ Եկեղեցու միության հետ: Տղամարդը գլուխն է կնոջ, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որի բոլոր անդամներն իրենց դերն ու կարեւորությունն ունեն: Եվ, ինչպես Քրիստոս սիրեց Իր եկեղեցին, նրա համար զոհաբերվեց, նույնին պետք է պատրաստ լինի եւ տղամարդը: Միաժամանակ, ինչպես եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին, նույնպես եւ կինը պետք է հնազանդվի տղամարդուն: Սակայն խոսքն ամենեւին ստրուկ եւ տեր հարաբերությունների մասին չէ: Գարեգին Առաջին կաթողիկոսն ասում է, որ տղամարդու եւ կնոջ միջեւ խտրականություն չկա, բայց դա չի նշանակում, որ նրանց միջեւ տարբերություններ չկան. տարբեր են նրանց դերերը:

Հոգեւորականի խոսքով` «տեր» ասվածն ավելի պարտավորեցնող է: Դա տղամարդուց պահանջում է խնամք, գուրգուրանք, հոգատարություն, ընտանիքի պաշտպանություն, իսկ կինը, ստեղծվելով տղամարդու կողից, պետք է նրա կողակիցը, նեցուկը լինի, ամեն կերպ աջակցի իր ամուսնուն, այս իսկ պատճառով նա համարվում է ընտանիքի սյունը: Հնազանդությամբ բարձրանում է կնոջ ե´ւ դիրքն ու դերը, ե´ւ կանացիությունը:

Ո՞րն է ընտանիքի հիմքը:

Ամուսնությունը կարելի է նմանեցնել եկեղեցաշինության կամ եկեղեցու հիմնարկեքի. հիմքը` սերը` օծվում է ամուսնական միությամբ: Այդ սիրո մեջ այլեւս չկա «ես» եւ «դու», կա «մենք», կան երկու լծակիցներ, որոնք միասին տանում են կյանքի սայլը: Սիրո հետ միահյուսված են հավատարմությունը, ազատ կամքը եւ զոհողությունը, այն իր մեջ բովանդակում է աստվածայինը, Աստծո ներկայությունը: «Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, …չի գոռոզանում, … իրենը չի փնտրում, …չար բան չի խորհում…ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում: Սէրը երբեք չի անհետանում…» (Ա Կորնթ.13. 4-8):

Մարիամ Ավետիսյան

Աղբյուրը` Aravot.am

Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: