26.10.2012

Քրիստոսի մասին վկայում են թե’ ավետարանիչները, թե’ ոչ քրիստոնյա պատմիչները

Բարի հովիվը.
որմնանկար Հռոմում գտնվող կատակոմբում, 250թ
.

Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի օրերի մասին մեզ պատմում են Ավետարանական էջերը. սակայն կա՞ն արդյոք պատմական այլ աղբյուրներ, որոնք եւս  հիշատակում են Քրիստոսին: Ահա այս մասին  Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հերթական հանդիպմանը  երիտասարդների հետ զրուցեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Ներսես սարկավագ Ղազարյանը: Նա նշեց, որ Քրիստոսի մասին առաջին կանոնակարգված, ինչպես նաեւ հավաստիության առումով առավել վստահելի աղբյուր է հրեա պատմիչ Հովսեփիոս Փլաբիոսի աշխատությունը` «Հրեական հնեագրությունները»: Այն Սուրբ Գրքից հետո կարելի է համարել նաեւ որպես  սկզբնաղբյուր` հրեաների պատմության ուսումնասիրության համար: Քրիստոսի մասին Փլաբիոսը գրում է. «Ահա այդ ժամանակներում հայտնվում է Հիսուս` մի իմաստուն անձ, որին, եթե իհարկե, կարելի է մարդ համարել: Նրա բնությունն ու արտաքին տեսքը մարդկային էր, բայց նրա ներկայությունը` վերերկրային: Նա հրաշքներ էր գործում վերերկրային ուժի միջոցով: Ոմանք ասում են, որ նա մեր առաջին օրենք տվողն է` մահացածներից հարություն առած, մյուսները` կարծում, թե նա Աստծուց է ուղարկված:… Նրան բազում ծառաներ ու պարզ ժողովուրդ էր հետեւում:… Նա բազում հրաշքներ գործեց, սովորեցրեց նրանց, ովքեր ուրախությամբ ընդունեցին ճշմարտությունը: …Իրեն սիրող անձինք ասում էին, որ մահվանից հետո Քրիստոս երրորդ օրը հայտնվել  է իրենց, ինչպես որ մարգարեությունների մեջ է գրված: Քրիստոսին հետեւողներն իրենց նրա անունով կոչեցին` քրիստոնյաներ»: Անհրաժեշտ է նշել, որ Հովսեփիոսը փարիսեցի էր (Մովսիսական կրոնը բառացիորեն մեկնող, ի ցույց բոլորի   իրենց սուրբ և բարեպաշտ անձինք ներկայացնողներ) այս իսկ պատճառով նրա գործում Քրիստոսը ոչ թե Փրկիչ Աստված է, այլ նոր աղանդի առաջնորդ. եւ ահա նրա վերջին միտքը Քրիստոսի մասին. «Դեռ մինչեւ օրս չեն դադարել նրա աղանդի հետեւորդներն իրենց  Նրա անունով քրիստոնյաներ կոչելը»:

«Հրեական հնեագրություններ»-ում հիշատակվում է նաեւ Հովհաննես Մկրտչի, ինչպես նաեւ Հակոբոս Տեառնեղբոր եւ Քրիստոսի մասին:
Բարեշնորհ սարկավագը  ներկայացրեց նաեւ մի քանի այլ պատմիչների ու գործիչների (Տակիտոս, Ավետոնիոս, Պիլինիոս Կրտսեր եւ այլն), որոնց աշխատություններում վկայություններ կան քրիստոնյաների նոր-նոր ձևավորվող համայնքների և դրանց տարածման մասին:
Բանախոսն  անդրադարձավ նաեւ Քրիստոսի անձեռակերտ պատկերին, որի մասին վկայություններ կան առաջին դարերի եկեղեցական գրողների, Բյուզանդիայի կայսերական պատմագիրների ու  Ճենովայի Հանրապետության պատմաբանների աշխատություններում:  Պատկերը, որ կոչվում է նաև Սուրբ վարշամակ, պահվում է Ճենովայի հայոց Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում։ Կան հավաստի տվյալներ, որ այն Փրկչի իրական պատկերն է: Վերջինիս  ստեղծման պատմությունը հետեւյալն է. հայոց Աբգար թագավորը տառապում էր բորոտութամբ և հույս ուներ, որ կբուժվեր Պաղեստինում ապրող Փրկչից, եթե վերջինս իրենց այցելության գար: Համաձայն պատմիչների`նա Հիսուսի մոտ է ուղարկում մի փոքրիկ դեսպանություն, որի կազմում էր Անանիա նկարիչը: Երբ վերջինիս  չհաջողվեց ձեռքով նկարել Հիսուսին, Տերը կտավը դրեց Իր դեմքին, եւ կտավի  վրա երևաց Նրա անձեռակերտ պատկերը։
Հարեւան ազգերը Տիրոջ Սուրբ դեմքի` վարշամակի մասին իմացան դրա միջոցով կատարված բազմաթիվ հրաշքների շնորհիվ, թշնամու դեմ պատերազմի ժամանակ հաղթանակների վկայություններով։
«Այսպիսով պետք է նշել, որ Քրիստոսի մասին` ոչ քրիստոնյա հեղինակներից մեզ փոխանցված նյութերը որքան էլ  արժեքավոր լինեն ու Քրիստոսի երկրային կյանքը հաստատեն, այդուհանդերձ քրիստոնյաներիս համար հիմք են ծառայում Քրիստոսի հետ անմիջական շփում ունեցած ավետարանիչների վկայությունները, որոնք եւ հիմք դարձան քրիստոնեության տարածմանն ու հաղթանակմանը: Եվ անհրաժեշտ է նշել, որ ոչ մի գիրք աշխարհում այնքան տարածում չի ունեցել, որքան Ավետարանը: Որպես ամփոփում այս ամենի` ավելացնենք, որ Ավետարանների նկատմամբ գոյություն ունեցող կասկածն ու թերահավատությունը չի կարող հիմնավորված լինել եւ դառնալ շահարկումների առարկա: Ավետարաններից է սնվում քրիստոնյա պատմագրությունը եւ շարունակում մնալ այն փարոսը, որով եւ առաջնորդվում ու իր կյանքի անբաժան մասն է դարձնում քրիստոնյա ժողովուրդը»,- եզրափակում է հոգեւորականը:
Հիշեցնենք, որ «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի ամենշաբաթյա հանդիպումների ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում մասնակցելու հետաքրքիր ու ամենատարբեր թեմաների քննարկումներին` ծանոթանալով այդ հարցերի շուրջ Հայ Առաքելական Եկեղեցու և քրիստոնեության դիրքորոշմանը:

 Մարիամ Ավետիսյան
Աղբյուրը` Aravot.am

1 комментарий:

  1. Анонимный27.10.2012, 13:01

    Շատ կուզեի ես էլ մասնակից լինեի ձեր հավաքույթներին/ ցավոք սրտի քաղաքից շատ հեռու եմ բնակվում/, չնայած միշտ հետևում եմ <> ծրագրի գործունեությանը և միշտ ընթերցում եմ ձեր տեղադրած նյութերը: Ձեզ շատ եմ սիրում ու շնորհակալ եմ... ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ Ձեզ....

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: