11.08.2011

ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՏԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Հունիսի 19-ն էր: Արեգակի առավոտյան ճառագայթները ոգևորված ու ժպտերես 120 երիտասարդ հայորդիներիս գտան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեկնարկելու էր մեր ուխտագնացությունը դեպի Սևանա թերակղզու Սուրբ Առաքելոց եկեղեցի և Վազգենյան դպրանոց: Ուխտագնացությունը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:
Մասնակցում էին նաև տարբեր եկեղեցիներում «ՄԱՆԱՆԱ» ծրագրին մասնակցող երիտասարդներ, Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի 15-րդ հոսքը և Առաջնորդի հոգևոր արժեհամակարգ ծրագրի մասնակիցները:
Հավաքվեցինք, ծանոթացանք, քիչ անց շարժվեցինք դեպի Սևան: Ճանապարհը աննկատ անցանք. այն լցվեց օրվա ծրագրով, հայրենասիրական, սիրո, հավատքի ու գեղեցիկի մասին երգերով:
Առջևում կապուտակ Սևանն էր, շուտով արդեն դպրանոցի մատույցներում էինք: Բոլորն էլ, զգալով մոտակա հոգևոր խորհուրդը, մի տեսակ զգոնացան: Շարժվեցինք դեպի Սուրբ Առաքելոց եկեղեցի, ուր մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ, շատերը մասնակից դառան Հաղորդության խորհրդին: “Հավատքն է, որ կփրկի մեր հոգիները, հավատը դեպի ամենակարող ու միակ Աստված: Աղոթքը կարող է լինել ընդունելի, եթե այն ուղղորդվում է Աստծուն` կատարյալ ու ծայրագույն խոնարհությամբ”,- շեշտում էր պատարագիչ քահանան:
Պատարագն ավարտվեց: Ներկաներից ոմանց հոգիները հանգստացան` բեռնաթափվելով մեղքերի ծանրությունից, ոմանք ստացան գործի, անելիքի նկատմամբ վճռականություն: Հուսամ, որ պատարագի վերջում մարդիկ ստացան իրենց հարցերի իրական պատասխանները:
Դուրս եկանք եկեղեցու բակը: Պատարագիչ քահանայի սևեռուն հայացքը մինչև այժմ էլ աչքիս առաջ է, երբ շրջվում էր դեպի հավատացյալ ժողովուրդը մերթ ընդ մերթ ու ահեղ,
միաժամանակ ներողամիտ հայացքով խաչակնքում` «Խաղաղություն ամենեցուն...»
Պատարագին հետևեց նաև երկրային սնունդը, սեղանները բանջարեղենի, մրգի ու ջրեղենի, համընդհանուր հյուրասիրության: Մի քանի քայլ անդին Սևանա լիճն էր` հրաշալի ինչպես ջրահարս, իսկ հեռվում ամպերը, միաձուլվելով սարերի լանջերին, կարծես երկնային շուրջպար էին բռնել, օրհնության շուրջպար` ի ողջույն գալուստի բոլորիս….Հրաշալի էր:
Ինչպես արևն է թեժանում կեսօրին, այնպես էլ օրվա խորհուրդը իր տարերքին հասավ: Վազգենյան դպրատան երգչախումբը ուխտավորների համար անակնկալ ողջույն էր պատրաստել: Երաժշտական կրթություն չունեցող, սակայն ամենօրյա հոգևոր գիտելիքներ ստացած մոտ 20 պատանիներ հիրավի աստվածային օժտվածությամբ կատարում էին հայկական հոգևոր, ազգագրական երաժշտության լավագույն ստեղծագործություններ, այնքան վարժ ու գեղեցիկ, կարծես տարիների մասնագիտական փորձի ու գիտելիքների երաշխիք որպես: Չդադարող ծափողջուններ- համեստ խոնարհումներ. «Կեցցե´ք, տղանե´», կարելի էր կարդալ այդժամ շատերի հուզված, բայց ուրախ դեմքերին:
Այդ օրը ժամերը անցան րոպեների պես, մինչդեռ արդեն երեկոյան հինգն էր: Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում թնդաց հայոց ազգայինը, ու երիտասարդները ելան շուրջպարի: Զմայլված, նաև զարմացած դիտում էին մերձակայքում շրջող զբոսաշրջիկ օտարերկրացիները: «Եկեղեցու բակում քոչարի … իսկ ինչու ոչ, թող ձեռք-ձեռքի ապրեն հոգևորն ու աշխարհիկը, որպեսզի երբեք չառանձնանան, կամ խորթանան», – մտորում էի ինքս ինձ:
Օրը իր ավարտին էր մոտենում: Ճանապարհից առաջ մենք հավաքվեցինք Սուրբ Հակոբ մատուռում խոկման` կարդալու Ներսես Շնորհալի կաթողիկոսի «Հավատով խոստավանիմ» 24 տնից /օրվա յուրաքանչյուր ժամի խորհրդով/ բաղկացած աղոթքը:
Ճանապարհվում ենք… ճանապարհվում ենք… հավաքվեք… ժամը 7-ին ամենուր լսելի էր երիտասարդների կանչը: Հետաքրքիր է, նաև անբացատրելի` 7 ժամվա ընթացքում շուրջդ հավաքված անծանոթ մարդիկ դարձել են այնքան հոգեհարազատ ու մտերիմ…Ու հիմա ինչ որ կերպ ընթերցողին եմ ուզում հասցնել այն միտքը, որ հոգևորը առաջին հերթին բարի է, գեղեցիկ ու սիրառատ: Որ մենք, հաճախ մոռանալով կամ փոքր ինչ հեռանալով Տեր Աստծուց, հեռանում ենք մեր մեջ եղած ամենալավագույնից` կենսականից, անհրաժեշտից: Սակայն նա մեզնից երբեք չի հեռանում, և երբ դա հասկանում ենք` այդժամ կարող ենք աղոթել առ Աստված, խնդրել ուժ, իմաստություն, մեղքերի թողություն, ապրել արժանապատիվ ու առաքինի և դրանով իսկ վերադարձնել մեր մեջ մշտապես ապրող լավագույն մարդուն, ինքներս մեզ:

1 комментарий:

  1. Анонимный12.08.2011, 10:58

    Հրաշալի էր վերապրել Սևանավանքի մեր ուխտը: Շնորհակալություն Արտակին:

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: