05.08.2011

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ը` Հոգեգալստյան տոնի օրը, Սուրբ Գայանե վանքի «ՄԱՆԱՆԱ» ծրագրի երիտասարդների համար նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի Գեղարդավանք: Չէի ուզում այնքան պարզունակ գտնվել ու ասել, որ ամեն ինչ հիասքանչ էր, բայց այլ տարբերակ չունեմ. ամեն ինչ հիասքանչ էր…
Վաղ առավոտյան` մինչև ճանապարհ ընկնելը, Սուրբ Գայանե վանքում կայացավ խոստովանության արարողություն: Ես առաջին անգամ էի մասնակից լինում խոստովանությանը. մտածում էի, որ դրա անհրաժեշտությունն ամենևին չկա. Կարող ես պարզապես ներեղություն խնդրել Աստծուց ինքդ քո մեջ ու վերջ… Ամբողջ կյանքում այդպես էլ վարվել եմ, սակայն հավատացնում եմ, որ խոստովանությունից հետո ասես մի հսկա քար գլորվեց սրտիցս, անգամ արցունքներն էին պատրաստ գլորվել: Հետևությունս մեկն էր` խոստովանել սեփական մեղքերը Աստծուն եկեղեցում և ծնկաչոք չափազանց կարևոր է և հոգեշահ:
Ճանապարհվեցինք դեպի Սուրբ Գեղարդավանք:
Հնում ուխտագնացության գնում էին ոտքով` ճանապարհին երգելով հոգևոր երգեր, աղոթելով ու սաղմոսերգելով: Մեր ճանապարհը, թեև անիվների վրա էինք, ևս աղոթքով, օրհնություններով ու երգերով էր ընթանում. համընդհանուր ոգևորություն էր նկատվում:
Գեղարդավանք հասանք Սուրբ Պատարագի սկզբում, հաղորդվեցինք Տիրոջ Մարմնին ու Արյանը: Պատարագի ամբողջ ընթացքը ասես մի շնչով անցավ: Մեզանում տարածված է կարծիք, թե Պատարագը չափազանց երկար է սկզբից մինչև վերջ մասնակցություն ունենալու համար, խնդրի լուծումը ձեռքի պատարագամատույցներն էին, որոնց շնորհիվ բոլոր նրանք, ովքեր դժվարանում էին պատարագը հասկանալ, կարող էին պարզապես կարդալ պատարագամատույցից: Պատարագից հետո ճաշեցինք, մի փոքր զբոսնեցինք, ոմանք խաղեր խաղացին, ապա անցանք գործի. օրվա ամենածանր հատվածը, թերևս, այսպես ասած «սուրբ» ծառերի մաքրումն էր թաշկինակներից. խեղճ ծառն անիծում էր իրեն սրբացնող հեթանոսական սովորությունը` կքած դրանց ծանրության տակ և խեղդամահ լինելով թաշկինակների կապանքներում: Հիմա արդեն ծառերը մեր ձեռքով ազատվում էին ամեն տեսակ կապանքներից ու շնչում էին ազատ, հիմա եկեղեցին մաքրվում էր հեթանոսական մնացուկներից ու ներկայանում մեզ իր ողջ վեհաշուք տեսքով:
Էլ ի±նչ «Մանանա» առանց զրույցի, Արթուր սարկավագ Սարգսյանը ներկայացրեց Հոգեգալստյան հրաշալի դեպքի պատմությունը, խոսեց մարդկանց տարատեսակ շնորհներ ունենալու և դրանք ի փառս Աստծու օգտագործելու կարևորության մասին, պատասխանեց մեր հարցերին: Ամենակարևորը, ինչ ես բացահայտեցի Հոգեգալուստի մասին լսելիս այս էր. «Սուրբ Հոգին քրիստոնյաներիս հիմանականում տրվում է Մկրտության Սուրբ Խորհրդի ժամանակ անկախ մեր կամքից ու ցանկությունից (Հոգեգալուստը ինչ որ առումով առաքյալների մկրտությունն էր), տրվում է այնքան, որքան մենք ինքներս այդ սուրբ րոպեից սկսյալ կամ հետագա կյանքում կկարողանանք կրել այն ու օգտագործել: Միայն թե շաաաատ մեծ խնդիր է դրված մեր առաջ. անհրաժեշտ է սրբությամբ ու անարատ պահել մեզ տրված շնորհը, օգտագործել այն ու բազմապատկել, այլ ոչ թե կործանել անտարբերությամբ, ծուլությամբ ու աստվածհայհոյությամբ, որ չլինի այնպես, թե մեզանից վերցվի այն, ինչ տրվել էր ի վերուստ»:

Օրվա ավարտին Գեղարդավանքում լսվեց մեր աղոթքի ձայնը, որը զուգակցվում էր Մանանայի գեղեցկուհիների աստվածատուր երգեցողությամբ: Երբ աչքերս փակում էի, ինձ թվում էր, թե դրախտից էր ձայնը հնչում, աննկարագրելիորեն պարզ էր ու մաքուր: Ցավում եմ, բայց, նույնիսկ, եթե օգտագործեմ բոլոր բառերն իմ բառապաշարի, երբեք չեմ կարող փոխանցել այդ պահի զգացողությունը: Մի միտք միանգամից ծնվեց մտքումս. եթե մի խումբ մարդիկ կարողացան երկրի վրա նման մթնոլորտ ու հոգևոր ներդաշնակություն ստեղծել, ապա կարելի է ենթադրել, թե որքան առավել քաղցր ու հիասքանչ է լինելու դրախտում` Աստծո մոտ:
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին օրը հրաշալի անցավ: Տունդարձի ճանապարհին մի բան էի մտածում` ի՞նչ կլիներ, եթե ճանապարհը չբերեր ինձ եկեղեցի` մասնակցելու «Մանանա» երիտասարդական ծրագրին: Հարցիս պատասխանը ստիպեց ինձ ևս մեկ անգամ շնորհակալ լինել իմ ճանապարհը գծողին:
Նյութը պատրաստեց Նվարդ Հայրապետյանը

2 комментария:

  1. Анонимный07.08.2011, 20:11

    NAX UZUM EM SHNORHAKALUTYUN HAYTNEM NVARDIN AYSPISI ZGACOGHUTYUNNER HAGHORDELU EV UXTAGNACUTYAN@ EVS MEK ANGAM HAGHORD DZRDZNELU HAMAR.......EV AMENAMEC SHNORHAKALUTYNS EM UZUM HAYTNEM ASTCUN,VOR AYS CRAGRI MIJOCOV HAY ARAQELAKAN EKEGHECU SHURJ HAMAQVEL EN MOT 500 HAVATARIM ZINVORNERI,OVQER IRENC AGHOTQNEROV ZORACNUM EN MER EKEGHECIN..... SOSE

    ОтветитьУдалить
  2. Սոսե ջան քեզ շնորհակալություն, որովհետև երգող հրեշտակներից մեկն էլ դու էիր

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: