19.10.2012

«Չկա ճակատագիր. մենք ինքներս ենք կերտում այն՝ բարի կամ չար, լավ կամ վատ գործերով». Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան


Մարդ էակին միշտ էլ հուզել է ճակատագրի գոյության խնդիրը: Կա՞ իսկապես ճակատագիր, թե՞ մարդն ունի ազատ կամք եւ տերն է իր գործերի, իշխանություն ո՞ւնի դրանք անելու կամ չանելու: Ահա այս թեմայի շուրջ «Մանանա» երիտասարդական ծրագրի շրջանակներում հերթական կիրակի օրը զրույց ծավալվեց Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում: Օրվա բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը: Բարեշնորհ սարկավագը նշեց, որ  ճակատագիրը բացատրվում է որպես գերագույն նախասահմանություն` յուրաքանչյուրիս կյանքի մաս, որ անհնար է փոխել, ինչպես գրում է Մուրացանը. «Մարդկային ձեռքը չի կարող ջնջել այն ճակատագիրը, որ գծագրել է հավիտենական ձեռքը»: Այս ամենը, սակայն,   հակադրվում է ազատ կամքի հասկացությանը: Ճակատագրի իրական լինելն ընդունելու դեպքում խախտվում են նաեւ բարոյականության հիմքերը.  եթե կա ճակատագիր, ուրեմն` մարդն այլեւս պատասխանատու չէ իր գործողությունների համար: Նրա բոլոր արարքներն ի վերուստ որոշված են եւ, հետեւաբար, մեղքերի, հանցանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ճակատագիրը հաստատողի, այլ ոչ մարդու վրա:
Ճակատագրի ընդունումով եւ ազատ կամքի ժխտումով աղավաղվում է նաեւ Աստծո մասին Սուրբ Գրքի բերած հայտնությունը: «Աստված այլեւս չի ընկալվում որպես արդար դատավոր, քանի որ անարդար է մարդուն դատելը ի վերուստ սահմանված արարքների կատարման համար, ինչպես նաեւ այս ընկալումով Աստված Ինքն է դառնում մեղքի հեղինակը: Այդպես չէ սակայն. մարդն է միայն իր ազատ կամքով ընտրած ճանապարհով, ազատ կամքով կատարած գործերով, աստվածային շնորհին գործակից լինելով՛ ձեռք բերում Երկնքի Արքայություն կամ դրան անարժան դառնում»,- ասում է Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը: Նշում է, որ երբեմն ճակատագիր եւ նախախնամություն բառերը դիտվում են իբրեւ հոմանիշներ, սակայն պետք չէ նույնացնել դրանք: Աստվածային նախախնամությանը բացատրվում է որպես բարձրագույն Էակի` Աստծո գործունեությունը: Այն  լինում է ընդհանուր եւ առանձնակի: «Ընդհանուր են  Արարչի կողմից ստեղծված եւ բոլորին բաշխվող արեւի լույսն ու ջերմությունը, բնության բարիքները, որ հասանելի են ամենքին: Առանձնակի նախախնամություն է Աստծո հատուկ խնամքը  անհատի համար. Նա ուղղորդում է մարդու կյանքը` այն ավելի լավ հանգրվանի բերելով: Միաժամանակ, այս ամենը բնավ չի նշանակում, որ Աստված Իր խնամության մեջ բռնանում կամ պարտադրում է մարդուն աստվածային կամքը, այլ մարդու ազատ կամքով  կատարված սխալ ընտրությունն իրադարձությունների զարգացման ընթացքում աստվածային կամքի ներգործությամբ ուղղվում է հօգուտ մարդու»,- ասում է բանախոսը:
Հոգեւորականի խոսքով` երբեմն ոմանք հակադրություն են փորձում տեսնել ազատ կամքի եւ աստվածային ամենագիտության միջեւ: Սակայն վերջինս չի ոչնչացնում ազատ կամքը եւ չի նշանակում, որ Աստված է որոշում կյանքի ծրագիր հաստատել մարդու համար: Մարդ կարող է դեռ ծնված չլինել, սակայն Աստված գիտի, թե նա ինչպիսին պետք է լինի: Իր կանխագիտությամբ Աստված ընտրում է եւ մոտեցնում իրեն, բայց դա չի նշանակում, որ Նրա ամենագիտությունը կամ կանխագիտությունն է պայմանավորում մարդու կամքը: Աստված, քանի որ ամենագետ է, նախապես գիտի նաեւ, թե մարդն իր ազատ կամքով, ազատ ընտրության հնարավորությամբ ինչ արարքներ է գործելու:
«Ուրեմն, որպես իսկական քրիստոնյաներ, ընդունենք, որ չկա ճակատագիր. մենք ինքներս ենք կերտում այն՝ բարի կամ չար, լավ կամ վատ գործերով: Եվ, ինչպես որ «Հայր մեր»-ում ենք խնդրում` «Եղիցին կամք քո…», հայցենք, որ Աստված իր բարի կամքով, նախախնամությամբ  առաջնորդի մեզ,  ուղղի սխալ ճանապարհից` բարի ու աստվածահաճո նպատակների հասցնելով»,- եզրափակում է հոգեւորականը:

 Պատրաստեց`Մարիամ Ավետիսյանը

2 комментария:

  1. Բարև Ձեզ, կխնդրեմ մասոնական նկարը հեռացնեք, դա սազական չէ...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Բարև Ձեզ, շնորհակալ ենք նկատառման համար,սակայն կխնդրեմ նկատի ունենալ, որ «մասոնական» ճանաչված աչքը եռանկյան մեջ սիմվոլիկան գոյություն է ունեցել մասոնական կազմկերպության ի հայտ գալուց հարյուրամյակներ առաջ` հատկապես Կաթոլիկ եկեղեցում: Եռանկյունը խորհրդանշել է Սուրբ Երրորդությունը, իսկ աչքը դրանում Աստծո «ամենատես աչքը»: Հնարավոր է գտնել այլ մեկնաբանություններ ևս,բայց սա ոչ թե մասոնական նշան է, այլ քրիստոնեական նշանի օգտագործումը մասոնների կողմից: Շնորհակալ ենք, Աստված օրհնի Ձեզ:

      Удалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: