31.07.2012

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԱՍՏՎԱԾ ԷՐ...


Այնտեղ, ուր Աստված էր…
Տաթևում…

Այնտեղ նաև ես էի…
Այնտեղ բոլորն իմ մեջ էին ու ես բոլորի…
Այնտեղ Աստված մեզ այնքա՜ն մոտ էր…
Նստած էր մեր կողքին, երգում էր մեզ հետ, ժպտում, կատակում, արտասվում մեզ հետ հավասար…

Այնտեղ իմ հայրենիքն էր… սիրտը հայրենիքիս… գեղեցկությունը, վեհությունը, իմաստությունը, խիղճը…
Այնտեղ մարդիկ էին Աստծո մարդիկ, որոնք բացում էին մեր աչքերն ու հոգին, որոնք ներողություն և օգնություն էին խնդրում մեզ համար, որոնք աղոթում ու ապրում էին մեզ համար:
Այնտեղ այն աչքերն էին պսպղուն, մաքու՜ր , մանկական, անմեղ…
Այնտեղ լույսն էր, խաղաղությունը, հանգստությունը, սերը…
Երանի հոգիս հավերժ մնար այնտեղ…

Այնտեղ, ուր Աստված էր…
                                       Տաթևում…
Իսկ այստեղ…
Հիմա ես այստեղ եմ: Այստեղ, որտեղ, պեղել, գտնել, լինել Աստծո կողքին այնքա՜ն դժվար է…
Այստեղ, որտեղ ժամանակն այնքա՜ն արագ է թռչում, ուր մարդիկ վազում են, վազում…Ուր քո և մարդկանց միջև կա անհասկանալի անդունդ…
Այստեղ ամենուր աղմուկ է, փոշի…
Այստեղ ստվերն է միայն հայրենիքիս…
Այստեղ կարիքն է փողի, վախ, կասկած, նախանձն է այստեղ…
Մի՞թե Դու մնացիր այնտեղ, Տե´ր, ինչու՞ չեմ գտնում Քեզ այստեղ….
Մի՞թե այս բարձրահարկ շենքերն են խանգարում տեսնել Քեզ, թե՞ մեքենաների անդադար աղմուկը` լսել Քեզ…
Չկա՞ն այնտեղի ծառերը, այստեղ օդը մաքուր չէ՞, թե՞ ժամացույցս, որին անդադար նայում եմ այստեղ, չկար այնտեղ…
Հոգի՞ս է տկար, արդյո՞ք ես եմ կույր, խուլ…


Ո՜չ, Տե´ր, դա չի կարող լինել, բայց չէ որ այնտեղ` Տաթևում, ես մի ամբողջ կյանքի հավատ ու սեր էի հավաքել գրպաններումս: Ախր Դու Ինքդ էիր տեսնում, որ ես Քեզանով էի, ախր Դու ինքդ էիր գլուխս շոյում, երբ քնած էի Քո տանը, Դու, ախր, տեսնում էիր, թե ինչպես էի Քեզ սիրում…
Բայց…

Բայց Դու մնացիր այնտեղ, ինձ թողեցիր այս քաոսում միայնակ…
Ո՞ւր ես հիմա, ո՞ւր…

Ինչպե՞ս, աղոթեմ Քեզ համար…
Օգնությանս կարիքը ունե՞ս, լինե՞մ Քո կողքին…
Բայց, ես՞…
Ու՞ժ տամ Քեզ, հավատա՞մ, սիրե՞մ Քեզ, խնդրեմ Աստծու՞ն, ես՞…

Տե´ր իմ, Հիսուս Քրիստոս, այստեղ արի, խնդրում եմ օգնիր ինձ, լսիր. չէ՞ որ այնտեղ Դու ինձ սիրում էիր. չէ՞ որ այնտեղ ես Քո առջև դողդողալով, առանց գիտենալու որևէ երգ, որևէ կանոն, բայց ամբողջ հոգով փառաբանում էի Քեզ, չէ՞ որ Քեզ կրում էի իմ մեջ: Օգնի´ր սիրելիներիս, լսի´ր աղոթքներս…

Ու նորից լույս, փրկություն, նորից հույս…
Դու այստե՞ղ, այս աղմուկի մե՞ջ, դու գլուխս շոյում էիր նաև այստե՞ղ, կողքիս էիր, երբ արտասվո՞ւմ էի ու հիմա լսեցիր աղոթքնե՞րս …

Օ՜, խղճուկ մարդ արած, մոռանում ես ամեն ինչ, ուրանում ես քեզ, քո խիղճը, փակում ես աչքերդ ու ականջներդ, փակվում ես քո սահմանափակ վանդակում, դադարում ես փնտրել ինքդ ու մեղադրում Նրան քեզ մենակ թողնելու համար, Նրան, Ով այնքա՜ն շատ է սիրում քեզ, որ կյանք է տվել հենց քեզ, Ով ամեն անգամ բարձրացնում է քեզ երբ ընկնում ես ու տանում է գրկած, Ով արարիչն է ամեն ինչի, այնտեղի, այստեղի… Ով մի ամբողջ «Տաթև» ստեղծել է հենց քո սրտի մեջ…

Ներիր ինձ, Տե´ր, որողմի´ր ինձ, Աստվա´ծ, Քո մեծ ողորմությամբ և Քո գթառատությամբ ներիր իմ հանցանքները, բացի´ր իմ աչքերը ամենուր տեսնելու Քեզ, որպեսզի վերստին ապրեմ անսահման սիրո, երջանկության պահերն անցած, որպեսզի կրկնապատկեմ սերն ու խաղաղությունը անցյալից ստացած ու լցնեմ այստեղ և ընդհանրապես չդնեմ սահման այնտեղի ու այստեղի, տուր ինձ սեր սիրելու ամենքին ու ամեն տեղ, քայլելու Քեզ հետ ու Քեզանով մեր այս մեծ, շա՜տ մեծ «Տաթև» աշխարհում:

Աստղիկ Միրզոյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: