03.05.2013

«Մանանայի» գտնված ակնթարթը

Առավոտ թերթը անդրադարձել է ՄԱՆԱՆԱ ծրագրի ֆոտոմրցույթին ու մրցանականաշխությանը:

Մեծ ոգևորություն, ժպիտներ, ուրախություն, անկեղծ ու լիաթոք ծիծաղ. «Մանանա»-ի մասնակիցները երբեք չեն մոռանա «Իմ Մանանան» ֆոտոմրցույթը: Այս կիրակի Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երիցատանը տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը: Հավանումների քանակով առաջին երեք տեղերը զբաղեցրած նկարների հեղինակներն արժանացան մրցանակների, իսկ մնացած մասնակիցները` հատուկ նվերների: «Ֆոտոմրցույթը, որը բոլոր երիտասարդներից ակտիվ մասնակցություն էր ակնկալում, կոչված էր Մանանայի երիտասարդների մեջ նոր եռանդ ու ոգևորություն առաջացնելու, ավելացնելու այն խանդավառությունը, որն ապրել է յուրաքանչյուր մասնակից «Մանանա»-ի հետ անցած իր ճանապարհին»,-նշում է Մանանայի կազմակերպիչներից Ժորա սարկավագ Սարգսյանը


Մասնակիցները «Մանանայի» հանդիպումների, ուխտագնացությունների և այլ միջոցառումների ֆոտոարխիվից պետք է ընտրեին մեկ լուսանկար` նշելով, թե նկարում եղած մասնակիցներից ում են տեսնում իբրև գլխավոր հերոս կամ նկարին «համ ու հոտ» պարգևող անձ: «Մանանայի» ֆեյսբուքյան խմբում տեղադրված նկարները պետք է հնարավորինս շատ հավանումներ (like) հավաքեին: 
«Մրցույթը հրաշալի էր մտածված և կազմակերպված: Եվ երբ սկզբում նկատեցի, որ այն կարող է փոքր-ինչ միապաղաղ  անցնել, սկսեցի գովազդել իմ նկարը և այդպես շարունակվեց մինչև մրցույթի ավարտը…: Անգամ  տրանսպորտով երթևեկելիս մտածում էի, թե ինչ գովազդ կարելի է անել և ակամայից ծիծաղում էի: Աշխատանքի վայրում ևս դա հնարավոր չէր մոռանալ…»,-մեզ հետ իր տպավորություններն է կիսում առաջին մրցանակի արժանացած Էդգար Աղաբեկյանը
«Մի առավոտ տեսա,  որ Էդգարն ինչ-որ գովազդային պաստառ է դրել իմ ֆեյսբուքյան էջին և իմ ընկերները սկսել են լայքել իր նկարը… Շատ խորամանկ քայլ էր, իհարկե, ես էլ հակահարված տվեցի իմ գովազդային հոլովակներով…»,-նշում է երկրորդ տեղը զբաղեցրած Արմեն սարկավագ Սարգսյանը
Նման ոգևորություն չէին սպասում անգամ կազմակերպիչները. «Ես զարմացած էի մի քանի մասնակիցների մտքի թռիչքի վրա: Ամենածիծաղելի երևույթը հենց այն պայքարն էր, որի ընթացքում դաշինքներ էին ծնվում, ընդդիմություն ձևավորվում և այլն: Իհարկե, այդ ամենն արվում էր սիրով… »,-նշում է Արսեն սարկավագ Զոհրաբյանը
«Կարծում եմ` հաջողված է այն գաղափարը, որը ոչ թե բոլորի հավանությանն է արժանանում, այլ մարդկանց, թեկուզ մեկին, իրական ու անկեղծ ժպիտ է պարգևում: Իսկ մրցույթը շատերին ուրախացրեց ու անկեղծ ուրախություն պարգևեց»,-նշում է մասնակիցներից Գոհար Ղալաչյանը: 
«Իմ Մանանան» նաև ճանաչողական նպատակ ուներ` Facebook –ի միջոցով երիտասարդությանն ինչ-որ չափով ծանոթացնել «Մանանա» ծրագրին: «Այս առումով արդյունքն ուրախալի էր մեզ համար, քանի որ մրցույթի ընթացքում «Մանանա»-ի ֆեյսբուքյան խմբին միանալու ցանկություն հայտնեցին 600-ից ավելի երիտասարդներ»,-նշում են կազմակերպիչները: 
Ֆոտոմրցույթի  ամբողջ ընթացքը, որը հագեցած էր հետաքրքիր գաղափարներով ու «պայքարով», մեծ սեր ու ջերմություն փոխանցեց Մանանայի մասնակիցներին: Նրանց խոսքերով` նմանատիպ մրցույթները մեծ կարևորություն ունեն. դրանք և´ ուրախություն են պարգևում, և´ նպաստում Մանանայի անդամների միջև կապն ավելի ամրապնդելուն. «տարբեր մանանաներից երիտասարդներս իրար չէինք ճանաչում, բայց նկարների քվեարկության ժամանակ ոգևորությունն ու խանդավառությունը վարակիչ էր,  մեծացան շփումն ու ծանոթությունները»,-ասում են մանանացիները: 
«Իսկապես ուրախալի է, որ մեր երիտասարդների հիշողության մեջ ավելացավ ևս մեկ հաճելի օր: Կարծում եմ` նման միջոցառումները երիտասարդներին սիրո ամուր թելերով են կապում միմյանց և դարձնում միասնական բռունցք` զորացնելով պատրաստակամությունն ու նախանձախնդրությունը այն արժեքների հանդեպ, որոնց կոչված է և ծառայում է «Մանանան»,-նշում է Ժորա սարկավագը:    


Մարիամ Ավետիսյան 

Աղբյուրը` Aravot.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուսանկարներ մրցանակաբաշխությունից.

























Комментариев нет:

Отправить комментарий

Ձեր կարծիքը շատ կարևոր է: